Դեռեւս անցյալ ամռանը Հայաստանի Վերահսկիչ պալատը ստուգումներ անցկացրեց Կենսաթոշակային ֆոնդում եւ մի շարք աղաղակող չարաշահումներ հայտնաբերեց, սակայն դրանից հետո չարաշահումների ծավալը այդ կառույցում չի նվազել։
Սա պարզ դարձավ, երբ կառավարությունը լուծարեց կենսաթոշակային ֆոնդի վճարման ծառայությունը, իսկ կենսաթոշակառուների գործերը տրվեցին «Հայփոստին»։ Հենց այդ ժամանակ էլ պարզվեց, որ բազմաթիվ կենսաթոշակառուներ իրականում գոյություն չունեն:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ հունվարի 27-ին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ 4000 կենսաթոշակառու հունվարին դեռեւս չի ստացել 500 մլն դրամ (մոտ 1,4 մլն դոլար)։ Վարչապետի խոսքով՝ այդ անճշտությունները չարաշահումների տեղիք են տալիս։ Այսինքն՝ գումարները դեպոնացվում են հաշվին, հետո ինչ-որ մեկը դրանք ստանում է:
Այստեղ հատկանշական է նաեւ մեկ այլ հանգամանք։ Այն, որ 4000 թոշակառուի չի վճարվել 500 մլն դրամ, նշանակում է, որ մեկ թոշակառուի գծով չվճարումը կազմում է 125 հազ. դրամ։ Որքան տեղյակ ենք՝ Հայաստանում նման բարձր կենսաթոշակներ ստանում են շատ սահմնափակ թվով մարդիկ, հիմնականում նախկին բարձրաստիճան զինվորականներ, անվտանգության աշխատակիցներ կամ օդաչուներ։ Բայց շատ քիչ հավանական է, որ նրանց թիվը 4000 է, ու նրանք բոլորն էլ հանկարծ որոշել են հունվարի իրենց կենսաթոշակը չստանալ։
Այս օրինակը ցույց է տալիս, թե որքան մասշտաբային կարող է լինել կենսաթոշակային հիմնադրամում չարաշահումների ծավալը։ Հավանաբար՝ պզոները միայն ԱՄՆ-ում չէ, որ սոցիալական ծրագրերից մեծ փողեր են շինում։




























