Լոռու մարզում, մասնավորապես` Վանաձորում, դիզենտերիայի համաճարակ կամ բռնկում չի արձանագրվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից:
Լոռու մարզում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությամբ վերջին 2 հիվանդից մեկը Լոռու մարզի Շահումյան համայնքից է, մյուսը` Վանաձորից: Այս դեպքերը համաճարակաբանական առումով միմյանց հետ ոչ մի կապ չունեն:
Հարկ է նշել, որ վերջին 10 օրվա ընթացքում Վանաձորի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում բուժվել է ոչ աղիքային վարակով 2 եւ տարբեր աղիքային հիվանդություններով 18, հիմնականում պայմանական ախտածին հարուցիչներով հարցուցված, եւ դիզենտերիայով 3 հիվանդ, որոնք բնակվում են Վանաձորի տարբեր թաղամասերում եւ միմյանց հետ որեւէ առնչություն չունեն:
Դիզենտերիայով հիվանդները հիմնականում կարող էին վարակվել ձեռքերի հիգիենայի ոչ պատշաճ պահպանման, սննդամթերքի հետ կեղտոտ ձեռքերով շփվելու, չլվացված որեւէ մթերքով սնվելու, փողոցում, պատահական վայրերում վաճառվող սննդամթերքից օգտվելու, ոչ ճիշտ պայմաններում պահվող եւ վաճառվող սննդամթերքով սնվելու հետեւանքով:
Դիզենտերիայի նշված դեպքերը ֆոնային բնույթ են կրում, քանի որ դիզենտերիայի հարուցիչը միշտ էլ շրջանառում է շրջակա միջավայրում, ինչի հետեւանքով երբեմն բնակչության շրջանում արձանագրվում են հատուկենտ դեպքեր:
Դիզենտերիան կամ Շիգելլոզը աղիքային վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը մանրէ է: Գաղտնի շրջանը տեւում է 2-7, միջինում` 3-5 օր, հիվանդությունը կարող է ընթանալ ցնցումներով, բարձր ջերմությամբ, լուծով, որը կարող է ունենալ տեսանելի արյան պարունակություն, գլխացավով, սրտխառնոցով, փսխումով: Հիվանդների մոտ կարող է լինել նաեւ միայն սուր ջրային լուծ` առանց տեսանելի արյան եւ այլ ախտանշանների` հատկապես հիվանդության սկզբում: Դիզենտերիայի դեպքը հաստատվում է, երբ կղանքից անջատվում է դիզենտերիայի հարուցիչը: Վարակի աղբյուրը դիզենտերիայով հիվանդները կամ վարակակիրներն են, որոնց շրջակա միջավայր են արտազատում դիզենտերիայի մանրէներ: Առողջ մարդու օրգանիզմ այս հիվանդության հարուցիչը թափանցում է բերանի խոռոչով: Վարակը փոխանցվում է ջրի, սննդամթերքի, կեղտոտ ձեռքերի միջոցով: Կոչվում է նաեւ կեղտոտ ձեռքերի հիվանդություն:
Աղիքային վարակիչ հիվանդություններով, այդ թվում` դիզենտերիայով չհիվանդանալու համար անհրաժեշտ է.
մրգերը եւ բանջարեղենն օգտագործելուց առաջ լվանալ հոսող ջրով,
սննդամթերքը պահել փակ տարաներում` աղտոտումից խուսափելու համար,
արագ փչացող սննդամթերքը պահել սառնարանում,
ձեռքերն ուտելուց առաջ եւ զուգարանից օգտվելուց հետո լվանալ օճառով,
աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի,
չզբաղվել ինքնաբուժմամբ,
եթե տանը աղիքային վարակիչ հիվանդությունով չհոսպիտալացված հիվանդ կա`
ա/ հիվանդի սպասքը եւ մյուս պարագաներն առանձնացնել եւ ախտահանել (եռացնել 15 րոպե կամ 60 րոպե ընկղմել ժավելի կամ այլ ախտահանիչ լուծույթի մեջ),
բ/ խստորեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները,
գ/ բնակարանում բոլոր մակերեսները սրբել ժավելի լուծույթում թրջված լաթով,
դ/ հիվանդի ներքնահագուստը եւ անկողնային սպիտակեղենը լվանալուց առաջ եռացնել 15 րոպե կամ 60 րոպե ընկղմել ժավելի լուծույթի մեջ:
Խմելու ջրի համի եւ գույնի փոփոխություն ու նստվածք նկատելիս, ինչպես նաեւ ջրմուղ-կոյուղու վթարների առաջացման դեպքում ջուրը չօգտագործել կամ օգտագործել միայն եռացնելուց հետո եւ անհապաղ ահազանգել համապատասխան կազմակերպություններին:





























