Շիրակի մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից:

Կազմակերպված եւ իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված գազարով լցոնված պղպեղի եւ լոլիկի պահածոների օգտագործումն է:

Հաշվի առնելով, որ ձմռանը բնակչությունն առավել հաճախ է սննդում օգտագործում տնային պայմաններում պատրաստված պահածոներ, բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.

խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,

տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,

մի´ գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,

առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի:

Հիշեցնենք, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է:  Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձեւով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի եւ զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում են եւ արտադրում թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) եւ ջերմության (1200-1300C) ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում հնարավոր չէ իրականացնել:

Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը եւ տեսքը:

Հիվանդության ախտանշաններն են` սրտխառնոց, փսխում, փորլուծություն, որովայնի շրջանում ցավեր, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջեւ մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), կլման ակտի խանգարում, բերանի չորություն: