Հուլիսի 7-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) բացվել է երկրորդ ինժեներական ցուցահանդես-համաժողովը:
Միջոցառման նպատակն է Հայաստանի վերջին ինժեներական նվաճումները ցուցադրել, քննարկել այս ոլորտի համաշխարհային միտումները, գործարար սեկտորում եւ ինժեներական կրթության մարտահրավերները:
Այստեղ ներկայացված են ապագայի նորարարական լուծումները, ինչպես արդյունաբերական, այնպես էլ զուտ կենցաղային նշանակության: Ցուցահանդեսի այցելուն կարող է ծանոթանալ 3D տպիչների հետ, որոնք խոստանում են ապագայում անգամ առցանց խանութների ապրանքների գնումները դուրս մղել. ինքնատաքացվող բաժակներ, որոնք անհրաժեշտ են արշավների ժամանակ եւ էներգիայի աղբյուրների բացակայության պայմաններում, եւ սոցիումի համար ոչ պակաս կարեւոր էներգիայի այլընտրանքային աղբյուրներ եւ շատ այլ լուծումներ:
Այս նորույթների պահանջարկը դեռեւս լիարժեք չի ձեւավորվել, բայց ինչպես հաճախ է տեղի ունենում նորարարությունների հետ, դրանք մոտ ապագայում կդառնան ամենօրյա անհրաժեշտություն:
«ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը պատրաստմ է գործնական աջակցություն ցուցաբերել նման միջոցառումների կազմակերպմանը եւ անցկացմանը, որոնք հնարավորություն են տալիս նրանց ամփոփել կատարված աշխատանքները, բացահայտել խնդիրները եւ մասնագետների եւ առաջատար ընկերությունների հետ միասին գտնել դրանք լուծելու ուղիներ:
Վստահ եմ, որ նման ծրագրերը Հայաստանում կզարգանան արագ տեմպերով, քանի որ մեր երկիրը կարեւորագույն նշանակություն կտա տեղեկատվական տեխնոլոգիաներին», - լրագրողների հետ զրույցում ասաց կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով, Կրթության նախարարությունը եւ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պետք է համագործակցեն Հայաստանում անդրազգային բարձր տեխնոլոգիական ընկերությունների ներգրավման ուղղությամբ:
Նման ընկերությունների առկայությունը կարեւոր է նաեւ մարզերի զարգացման համար, քանի որ, նախարարը կարծում է, որ մեկ մասնագետի աշխատանքը ստեղծում է մինչեւ մեկ տասնյակ հարակից աշխատատեղեր եւ ենթակառուցվածքներ, խթանում է աշխատաշուկան, նվազեցնում գործազրկության մակարդակը:
«Միջազգային ընկերությունների համար Հայաստանը բարենպաստ է նրանով, որ նրանք ստիպված չեն ներդրումներ կատարել տեխնոլոգիական կենտրոնների ստեղծման եւ մասնագետների վերապատրաստման համար, այստեղ կան նրանք, եւ դա թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում հասնել կոնկրետ արդյունքների», - ասել է նախարարը:
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը իր հերթին նշել է, որ Հայաստանում անդրազգային ընկերությունների առկայությունը ոչ միայն ստեղծում է նոր աշխատատեղեր, այլեւ հնարավորություն է տալիս ներդնել միջազգային փորձը, մենեջմենթի եւ աշխատանքի մշակույթը եւ գիտելիքները:
«Այս տեսանկյունից կրթությունը մեծ նշանակություն ունի, քանի որ ոչ մի միջազգային կազմակերպություն չի գա այն երկիրը, որտեղ չկան լավ մասնագետներ: Այդ իմաստով, նման կենտրոնների դերը դժվար է գերագնահատել. նրանք նպաստում են ինժեներական արդյունաբերության արդիականացմանը, հնարավորություն են տալիս միջազգային կազմակերպություններին ցույց տալ, որ Հայաստանն ունի իր տաղանդները», - ասել է փոխնախարարը:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, իր հերթին, նշել է, որ Վանաձորի ՎՏԿ-ն վերջին տարում ընդլայնվել է, դրանում աշխատում են բազմաթիվ երիտասարդ մասնագետներ ունեցող ընկերություններ:
«Շատերը կարծում էին, որ Վանաձորի ցուցահանդես-համաժողովը երկրորդ անգամ չի հավաքի շատ մասնակիցներ, սակայն այսօրվա իրադարձությունը տարբերվեց ինչպես մարզի բնակիչների մասնակցությամբ, որոնք հետաքրքրված էին ինժեներությամբ, այնպես էլ կայացած ընկերությունների եւ սկսնակ ձեռնարկությունների ներկայությամբ», - նշել է նա:
Բացի այդ, հիմնադրամի տնօրենը նշել է, որ ցուցահանդես են այցելել օտարերկրյա ընկերությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք Հայաստանը դիտարկում են որպես հետազոտական կենտրոն:
«Նրանք մասնակցում են ցուցահանդեսին, որպեսզի նշեն իրենց խնդիրները եւ այստեղ գործընկերներ գտնեն դրանք լուծելու համար: Ուրախալի է նաեւ, որ ներկայացված են բազմաթիվ կրթական ծրագրեր », - եզրափակել է Բագրատ Ենգիբարյանը:
Կազմակերպիչները նշում են, որ ինժեներական ցուցահանդես-համաժողովը թույլ է տալիս այս ոլորտի կազմակերպություններին եւ մեծ խաղացողներին փորձով եւ գաղափարներով փոխանակվել հետեւյալ բնագավառներում. էլեկտրոնիկա, հաղորդակցային տեխնոլոգիաներ եւ 5G, մաթեմատիկական մոդելավորում, անօդաչու տրանսպորտային միջոցներ, կենսաինժեներիա եւ քիմիա, մեծ տվյալների մշակում:
Ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների, ինչպես նաև տարածաշրջանային համաչափ զարգացմանը միտված այս համաժողով-ցուցահանդեսը կներգրավի շուրջ 300 մասնակիցներ՝ պետական, գիտահետազոտական, կրթական, դոնոր կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից, ոլորտի հայաստանյան և արտերկրի ներկայացուցիչներից: Ավելի քան 35 տեղական և միջազգային կազմակերպություններ իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայութունները կներկայացնեն ցուցահանդեսային հատվածում
«Այս միջոցառումը նոր էջ կբացի Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում», - նշում են միջոցառման կազմակերպիչները:
Ինժեներական երկրորդ համաժողով-ցուցահանդեսը կազմակերպում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: Գործընկերներն են՝ ՀՀ կառավարությունը, Եվրոպական Միությունը իր «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում գործող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի միջոցով, PMI Science/Ֆիլիպ Մորիս Հայաստանը, Ինժեներական ասոցիացիան, Նեյշնլ Ինսթրումենթը, ԱյԲիԷմ-ը, ՏՀՏ գործատուների միությունը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիաները, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, Մոբայլ լուծումների ԵԿԱ տարածաշրջանային կենտրոնը, Ռոստելեկոմը։











