ՄԱԳԱՏԵ-ի նախկին ղեկավար Մուհամեդ ալ-Բարադեյն այսօր՝ հունվարի 27-ին հայտարարել է, որ պատրաստ է ժամանակավորապես ղեկավարել Եգիպտոսը:

«Եթե պահանջվի, ես պատրաստ եմ անցումային շրջանում ինձ վրա վերցնել կառավարման դժվարությունները»,- ասել է Եգիպտոսի ներկա ռեժիմին ընդդիմադիր Ալ-Բարադեյը, հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:

Մի փոքր ավելի վաղ, Վիեննայից Կահիրե թռիչքից առաջ նա պահանջել էր երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը: «Եկել է Մուբարաքի հանգստի գնալու ժամանակը: Նա ծառայել է երկրին 30 տարի եւ ժամանակն է, որ հեռանա»,- ասել էր նա:

Միաժամանակ, Եգիպտոսի կառավարությունը հայտարարել է, որ իսլամիստներն ու այլ շահագրգիռ ուժերը փորձում են օգտագործել ստեղծված իրավիճակն այլ նպատակներով: Այս կապակցությամբ իշխանությունները երիտասարդնությանը կոչ են արել զգուշությամբ վերաբերել հնչող կոչերին, քանի որ «այդ մարդկանց» նպատակը զանգվածային անկարգություններ հրահրելն է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Եգիպտոսում հունվարի 25-ին սկսված հանրահավաքները վերաճել են բախումների ոստիկանության հետ:

Մամուլի հրապարակումների համաձայն Եգիպտոսը լքել է նախագահ Հոսնի Մուբարաքի ավագ որդի, նախագահի ամենահավանական թեկնածու Համալ Մուբարաքը։ Նա հունվարի 25-ի ուշ երեկոյան կնոջ, դստեր հետ մեկնել է Մեծ Բրիտանիա։

Հիշեցնենք, որ բախումների արդյունքում մոտ 200 մարդ էր ձերբակալվել։ Մահացել է 6 մարդ։   

Նշենք նաեւ, որ մոտ 8500 անդամ ունեցող եգիպտահայ համայնքն ապրում է հիմնականում Կահիրեում: