Ըստ ԵԽԽՎ-ի, Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներ չկատարող երկրների շարքում է: ԵԽԽՎ-ի հունվարի 26-ին ընդունած 1787 բանաձեւում նշվում է, որ Եվրոպայի խորհրդին անդամակցող մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ալբանիան, չեն կատարում Եվրոպական դատարանի որոշումները:

ԵԽԽՎ-ն այս երկրներին կոչ է անում արդյունավետ մեխանիզմներ մշակել եվրոպական դատարանի որոշումները արագ կատարելու համար, ինչպես նաեւ հորդորում է անդամ երկրների խորհրդարաններին ներկայացնել Եվրադատարանի որոշումների կատարման ընթացքի արդյունավետ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներ:

ԵԽԽՎ-ն նաեւ նշում է, որ իրավունք է վերապահում համապատասխան գործողությունների դիմել, եթե տվյալ պետությունը շարունակի չձեռնարկել դատարանի վճռով համապատասխան միջոցներ կամ ազգային խորհրդարանը համապատասխան ճնշում չգործադրի Կառավարության նկատմամբ դատարանի վճիռները կատարելու համար: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: