Եվրամիության ղեկավարությունը իր խորը անհանգստությունն է արտահայտել Իրանում մահապատիժ կիրառելու վերաբերյալ որոշումների քանակով։ Միայն վերջին շաբաթվա ընթացքում, ինչպես հայտնում է «Ազատություն» ռ/կ-ն,  մահապատժի է ենթարկվել շուրջ 16 մարդ, ովքեր դատապարտվել էին թմրանյութերի մաքսանենգության, բռնաբարության, ինչպես նաեւ հակապետական գործողություններ իրականացնելու համար։

Արտաքին քաղաքական հարցերով ԵՄ-ի գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հիշատակված թիվը որակել է «անհանգստացնող», Թեհրանին կոչ անելով հրաժարվել մահապատիժ կիրառելուց։ Նրա այդ հայտարարությանն աջակցություն են հայտնել Խորվաթիայի եւ Թուրքիայի իշխանությունները, երկու երկրներ, որոնք ձգտում են դառնալ եվրոպական հանրության լիիրավ անդամ։

Նշենք, որ Թուրքիան, որի առաջ փակվում են ԵՄ-ի դռները, մասնավորապես հարեւան երկրների հետ անառողջ հարաբերությունների համար, հայտարարել է «Զրո խնդիր հարեւանների հետ» ծրագրի իրականացման մասին։  Ժամանակ առաջ Ստամբուլում Իրանի իշխանությունների հետ բանակցություններ են տեղի ունեցել՝ վերջինս կողմից միջուկային ծրագրի իրագործման  վերաբերյալ։ Էշթոնը բանակցություններից հետո հայտարարել է, թե հիասթափված է դրանց արդյունքներից։ Իսկ որոշ դիվանագետներ էլ բանակցությունները համարել են տանուլ տրված: