Եգիպտոսի իշխող կուսակցությունը կառավարությանը մեղադրել է նրա վարած քաղաքականության ձախողման մեջ։ Ինչպես սպասվում է, մոտ ժամանակներս հրաժարական կներկայացնի Ահմեդ Նազիֆի կաբինետը, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։
Այդ նույն ժամանակ, ինչպես հայտնում է կատարական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, ցուցարարները բանակից պահանջել են միջամտել եւ պաշտպանել ժողովրդին։ Կահիրեի Աբդել Մունեյմա Ռիադի հրապարակում շարունակվում են ոստիկանների հետ բախումները։ Զոհվել է ամենաքիչը մեկ մարդ, կան վիրավորներ։ Ալ-Թահրիր հրապարակը շրջաափակվել է բոլոր կողմերից։
Ավելի վաղ Կահիրեից հյուսիս-արեւելք՝ Իսմայիլիայում, ցուցարարները գրոհել էին իշխող Ազգային-դեմոկրատական կուսակցության բաժանմունքը։
Լուրեր կան, որ ցուցարարները Կահիրեում հավաքվում են կուսակցության կենտրոնակայանի մոտ։
Ալեքսանդրիայում ոստիկանությունը հրաժարվել է ցուցարարների դեմ արցունքաբեր գազի կիրառել։




























