Հայաստանում ինտերնետից օգտվողների համահայկական հարցում չի կատարվել, այդ պատճառով դժվար է ասել, թե Հայաստանում քանի հոգի է ինտերնետից օգտվում։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի նախագահ Իգոր Մկրտումյանը։ Նրա խոսքով՝ նման հարցում անցկացնելը կարժենա 30-40 հազ. դոլար։
Մկրտումյանի տեղեկացմամբ՝ Համաշխարհային հեռահաղորդակցական միության տվյալներով Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը մոտ 200 հազար է, Կառավարության տվյալներով՝ ինտերնետից օգտվում է ՀՀ բնակչության մոտ 40 տոկոսը։ Իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության տվյալներով՝ իրենց 2,5 մլն բաժանորդներից բջջայինի միջոցով ինտերնետ է մտնում մոտ 600 հազ. մարդ։
«Այս ամենը հիմք է տալիս ասելու, որ համաշխարհային կազմակերպությունները ցածր թիվ են ասում, որը չի արտացոլում մեր իրականությունը»,- ասաց Ի. Մկրտումյանը։ Հավանաբար՝ միջազգային կազմակերպությունները հաշվի են առնում միայն անշարժ/սեղանային համակարգիչներից օգտվողների քանակը, քանի որ բջջայինով ինտերնետ օգտոգործողների թիվը Հայաստանում բավականին մեծ է։
Նշենք, որ վերջերս ՄԱԿ-ին կից միջազգային հեռահաղորդակցության միության տվյալներով՝ աշխարհում ինտերնետից օգտվողների թիվը հասել է երկու միլիարդի, ինչը կազմում է աշխարհի բնակչության շուրջ 30 տոկոսը:





























