Ավելի քան 50 մարդ է զոհվել հունվարի 28-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, Ալեքսանդրիա եւ Սուեց քաղաքներում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով: Այս մասին հաղորդում է իսպանական ԷՖԷ գործակալությունը: Կահիրեում հուզումների զոհերի թիվը 16 է, Սուեցում՝ 11-13, գրում է «Ինտերֆաքսը»:

Տնտեսական ու քաղաքական բարեփոխումներ, ինչպես նաեւ երկրի նախագահ 82-ամյա Հոսնի Մուբարաքի հրաժարականը պահանջող ցուցարարների բողոքի ակցիաներն սկսել են հունվարի 25-ին: Այնուհետեւ զանգվածային գործողությունները շարունակվել են Կահիրեում եւ այլ եգիպտական քաղաքներում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բախումների զոհերի թիվը 18 է, ավելի քան 1100 մարդ վիրավորվել է:

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հունվարի 28-ի երեկոյան հայտարարել է կառավարությունը ցրելու մասին եւ խոստացել է արդեն հաջորդ օրը՝ հունվարի 29-ին կազմավորել նոր կառավարություն: