Google-ի ղեկավար Սունդար Պիչայը ակնարկել է, որ ընկերությունը կարող է գումար գանձել Android-ի օգտագործման դիմաց։ Պիչայը պարզաբանել է Եվրահանձնաժողովի տուգանքի հարցում ընկերության դիրքորոշումը, հայտնում է  Life-ը։

Նրա խոսքով, Google-ը երբեք չի հարկադրել սմարթֆոններ արտադրողներին տեղադրել Android օպերացիոն համակարգ կամ ընկերության այլ ծրագրային ապահովումներ։ «Android-ի եւ Google հավելվածների անվճար տարածումը շահավետ է արտադրողների, օպերատորների, ծրագրավորողների եւ սպառողների համար»,-նշել է ընկերության ղեկավարը։ Պիչայը պարզաբանել է, որ Google-ը երբեք գումար չի գանձել Android-ի օգտագործման դիմաց, ավելին՝ ընկերությունը միլիարդավոր դոլարներ է ծախսել էկոհամակարգի զարգացման համար։

Նա նշում է, որ Android-ը չի մենաշնորհել շուկան, այլ այն ավելի բազմազան է դարձրել։

Նախօրեին Եվրահանձնաժողովը Google-ին 5 մլրդ եվրոյով տուգանել էր ԵՄ-ում ընկերությունների դեմ վարվող հակամենաշնորհային երեք քննություններից ամենակարեւորի շրջանակում՝ Android բջջային սարքերի համար օպերացիոն համակարգերի շուկայում գերակա դիրքի չարաշահման մեղադրանքով։

«2011 թվականից Google-ն ապօրինի կերպով սահմանափակել է Android-ով ՕՀ-ով սարքեր արտադրողների եւ բջջային ցանցերի օպերատորների աշխատանքը, որ ամրապնդի համացանցային որոնման շուկայում գերակա դիրքը»,- նշված է ԵՀ հաղորդագրության մեջ: