Եթե մարդը 50 կիլոգրամ է բարձրացնում, երբեք ու երբեք չպետք է մտնի 200 կիլոգրամի տակ, դա ժամանակի անտեղի կորուստ է եւ նման ծանրություն պետք է բարձրացնի նա, ով դա կարող է։ Հայաստանի Երիտասարդական կուսակցության արտահերթ համագումարում հունվարի 29-ին հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նա ողջունեց ՀԵԿ-ի որոշումը՝ միանալ ԲՀԿ-ին՝ հավելելով. «Տեսնելով ձեր ելույթները, ձեր դեմքի փայլը, հավատքը, գեղեցկությունը, դա մեկ անգամ եւս մեզ պարտավորեցնում է ավելի ուշադիր լինել եւ սրբության պես պահել այդ վստահությունը, հավատքը, ինչ որ կա մեր հանդեպ, մեր կուսակցության խոսքի, գործի հանդեպ: Հիմնական մեր նպատակն ու ծրագիրը մեկն է, որ մեր  հայ ժողովուրդը, երիտասարդությունը լավ ապրի, կարողանա աշխատի, ստեղծագործի բարեկեցիկ, հզոր, բարգավաճ երկրում»:

Ըստ Գագիկ  Ծառուկյանի`շատ կարեւոր է  երիտասարդին, ուսանողին հասկանալը, գնահատելը, որ նա լինի պաշտպանված եւ խաբված չլինի։ «Դուք ոչ թե պետք  է այսօրվանից մտածեք, որ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերն անցաք ու դա վերջացավ, այլ հակառակը, ավելի շատ պետք  է աշխատեք: Կարողանաք միասնական  կուսակցության շարքերում ձեր աշխատանքը կատարել, ներկայացնել ձեր ծրագրերը, ձեր միտքն ու գաղափարը եւ համապատասխան ձեր տեղը  ունենաք մեր կուսակցության շարքերում`խորհրդարանում, գործադիրում, կառավարությունում: Ով կարող է այդ ծանրությունը իրականացնել, մեր դռները բաց են»,-հայտարարեց Ծառուկյանը։

Վերջում ԲՀԿ ղեկավարն իր խոսքն ամփոփեց՝ հայտարարելով. «Ես`որպես Ծառուկյան Գագիկ, խոսք եմ տալու, համոզված եղեք, որ դուք երբեք խաբված չեք լինելու»։

ՀԵԿ-ը կայացած համագումարում ձայների մեծամասնությամբ միացավ ԲՀԿ-ին։