Հետաքննությունը պարզել է Մոսկվայի «Դոմոդեդովոյի» օդանավակայանի ահաբեկչությունն իրագործած անձի ինքնությունը. նա Հյուսիսային Կովկասի հանրապետություններից մեկի 20-ամյա բնակիչ է, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը։
«Չնայած հետաքննությանը հայտնի է նրա անունը, մենք այսօր նրա անունը չենք տա, քանի որ ներկայումս ընթանում են ահաբեկչական ակտի կազմակերպիչների եւ նրանց հանցակիցների հայտնաբերման եւ ձերբակալման աշխատանքները»,- ասել է Մարկինը։
Մարկինը նաեւ հայտարարել է, որ Մոսկվայի «Դոմոդեդովոյի» օդանավակայանի ահաբեկչությունն, առաջին հերթին, ուղղված է եղել օտարերկրացիների դեմ։
«Հատուկ կշեշտեմ, որ ահաբեկչությունը պատահաբար չի կատարվել միջազգային չվերթների սրահում։ Հետաքննության վարկածով, ահաբեկչությունն ուղղված է եղել հենց օտարերկրյա քաղաքացիների դեմ»,- ասել է Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը։
Այսպիսով, Մոսկվայի «Դոմոդեդովոյի» օդանավակայանի ահաբեկչությունը բացահայտվել է։ Մարկինի խոսքով, մնացած մանրամասնները կհրապարակվեն ավելի ուշ։
Նշենք, որ ահաբեկչությունը տեղի էր ունեցել հունվարի 24-ին։ Զոհվել էր 35, հոսպիտալացվել 120 մարդ, այդ թվում՝ չորս հայ։





























