Կահիրեում փոփոխվել են պարետային ժամերը՝ 16:00-ից մինչեւ 08:00-ն, երբ չի կարելի գտնվել փողոցներում: Այս որոշումը տարածվում է Կահիրեի, Ալեքսանդրիայի եւ Սուեցի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախօրեին Եգիպտոսում տեղի ունեցած խռովությունների պատճառով եգիպտական իշխանությունները Կահիրեում, Ալեքսանդրիայում եւ Սուեցում ժամը՝ 18-ին մինչեւ առավոտյան 7-ը-ը պարետային ժամ էին մտցրել։

Սակայն քաղաքի փողոցներում գտնվող մի քանի տասնյակ ցուցարարներ արհամարհել են նախագահի հրամանը։ Հունվարի 29-ին Կահիրեում թալանի  դեպքեր են արձանագրվել։ Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ քաղաքներից մի քանիսում բնակիչները իրենց սեփականության պաշտպանությունն ու անվտանգությունը ապահովելու նպատակով կոմիտեներ են ստեղծում։  

Նշենք, որ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հունվարի 28-ի ուշ երեկոյան հայտարարեց կառավարությունն արձակելու եւ այսօր նոր կառավարություն ձեւավորելու իր որոշման մասին։  

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել է, որ Կահիրեում գտնվող Հայաստանի բոլոր 5 ուսանող քաղաքացիներն իրենց լավ են զգում եւ տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով չեն տուժել։