Թուրքական Star-ի թղթակից Էբրու Բարանն իր հրապարակման մեջ մեղադրել է վրացի ոստիկաններին՝ թուրք-վրացական սահմանը հատած Թուրքիայի քաղաքացիների մեքենաների մեջ թմրանյութ գցելու եւ կաշառք պահանջելու համար։

Ըստ թուրքական Star-ի ՝  վրաց-թուրքական սահմանին Թուրքիայի քաղաքացիների մեքենաներն են նստում վրացի ոստիկաններ, ովքեր պնդում են, թե մեքենայի սրահից թմրանյութ են հայտնաբերել եւ խոշոր չափի կաշառք են պահանջում։  Կաշառք չտվողները ձերբակալվում են։  «50-ից 150 հազար լիրայի չափով (30-ից 100 հազար դոլար) կաշառք պահանջող դատախազներ եւ ոստիկաններ էլ կան»,- նշել է Star-ի թղթակիցը՝ վկայակոչելով տուժյալների հարազատների խոսքերը։

«Ներկայումս վրացի ոստիկանների ծուղակն ընկած եւ բանտարկված 9 թուրք կա Վրաստանի բանտերում։ Ուշադրության է արժանի, որ վրացի ոստիկանները ընտրում են հարուստ թուրք գործարարներին։ Ռիզեյի փաստաբանների պալատի նախագահը նշել է, թե հիշյալ դեպքերի համար իրենց 9 անձի հարազատ է դիմել եւ բոլորն էլ գրեթե նույն սցենարով։

Վրաստանի հյուպատոս Ավթանդիլ Միկատսաձեն իր հերթին ասել, թե խնդրի հետ կապված իրենք զգուշացրել են Թուրքիայի արտգործնախարարությանը՝ նշելով, որ ձերբակալված թուրքերի հարազատները մեղադրվում են կաշառք առաջարկելու մեջ»,- նշվել է Star-ում։

Բացի այդ, հայտնի է դարձել, որ Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչությունը զեկույց է պատրաստել հիշյալ գործով եւ ուղարկել արտգործնախարարություն։ Ոստիկանության զեկույցի մեշ նշվել է, որ իրենց կասկածները ավելի են խորացել, երբ հայտնի է դարձել, որ Թուրքիայի հիշյալ 9 քաղաքացիները երբեք թմրանյութի հետ կապված որեւէ գործով չեն անցել, ինչպես նաեւ կասկածելի է, որ նրանց մեքենաները մինչ ձերբակալումը նստել են քաղաքացիական ոստիկաններ կամ որոշ կանայք, որից հետո մեքենաների մեջ հայտնաբերվել է մի քանի գրամ հերոին, գրում է Star-ը։