ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն ավելի վաղ բազմիցս չի համաձայնվել 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանին վերագրվող «միջամտության» վերաբերյալ ամերիկյան հետախուզական հանրույթի եզրակացություններին, դարձյալ հերյուրանք է անվանել ընտրական գործընթացի վրա ազդելու այդ՝ իբր տեղ գտած փորձերը: Այս մասին նա նշել է Twitter-ի իր էջում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ստացվում է, որ նախագահ Օբաման Ռուսաստանի մասին տեղյակ էր  դեռեւս մինչ ընտրությունները: Ինչո՞ւ նա ոչ մի բան չի արել: Ինչո՞ւ չի պատմել մեր ընկերությանը: Որովհետեւ սա պարզապես մեծ հերյուրանք է, ահա թե ինչու, նաեւ այն պատճառով, որ կարծում էր, թե կհաղթի անազնիվ Հիլարին»,- նշել է Թրամփը:

Ռուսաստանին վերագրվող ամերիկյան ընտրություններին «միջամտության» քննությունը վարում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, ինչպես նաեւ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների խորհրդարանականները: Սակայն որեւէ «միջամտության» ապացույց այդպես էլ չի գտնվել, չնայած «քննությունն» ընթանում է ավելի քան մեկ տարի: