Ռուսաստանյան հաքերները, հավանաբար, շարունակում են 2017 թվականին սկսած ԱՄՆ էլեկտրաէներգետիկ ընկերությունների ցանցերը կոտրելու մասշտաբային արշավը, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ):

ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության տեղեկություններով՝ հարձակմանը մասնակցել են Energetic Bear կոչվող խմբից ՌԴ-ի համար աշխատող հաքերները: Նախարարությունում կարծում են, որ նրանք հեշտությամբ կոտրել են փոքր կոմունալ ձեռնարկությունների ցանցերը, այնուհետեւ մտել են մատակարարների ցանց, որոնք իրենց հերթին աշխատում են խոշոր ընկերությունների հետ:

Հաքերները հասել են մինչ այն պահը, երբ կարող էին էլեկտրականությունը միացնել եւ անջատել, ու շարքից հանել են էներգիայի հոսքը, հայտարարել է նախարարության արդյունաբերության եւ վերահսկողության համակարգի վերլուծական կենտրոնի ղեկավար Ջոնաթան Հոմերը:

Նախարարության տվյալներով՝ հարձակման զոհն են դարձել հարյուրավոր ընկերություններ: Որոշ ֆիրմաններ կարող են կոտրելու մասին չիմանալ, հաքերների գործողությունները դժվար է հայտնաբերել, քանի որ նրանք օգտագործել են աշխատակիցների հաշվառման տվյալները:

Ազգային անվանգության նախարարությունը ռուսական խմբերի կողմից ԱՄՆ ենթակառուցվածքները կոտրելու մասին զգուշացնում է 2014 թվականից, սակայն մինչեւ հիմա խոսվում էր մի քանի տասնյակ, այլ ոչ թե  հարյուրավոր զոհերի մասին, հստակեցնում է WSJ-ն:

Energetic Bear խմբավորումը (որը հայտնի է նաեւ Dragonfly եւ Crouching Yeti անուններով) ակտիվություն է դրսեւորում առնվազն 2010 թվականից, նրա հիմնական թիրախներն են էներգետիկ եւ արդյունաբերական ձեռնարկությունները: Վաշինգթոնի կարծիքով՝ խմբավորմանը հովանավորում է Ռուսաստանը:

2016-ի վերջին Վերմոնթ նահանգում էլեկտրաէներգետիկ ընկերության համակարգում ռուսաստանյան հաքերների վնասակար ծրագրի մասին հայտնել էր The Washington Post պարբերականը: