Հուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Աթենքի եւ Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Նորին Ամենապատվություն Հիերոնիմոսին Աթենքի Ատտիկա շրջանում այրվող անտառային հրդեհների առիթով, որոնց զոհ են դարձել մի քանի տասնյակ քաղաքացիներ:

Գերագույն հոգեւոր խորհրդի եւ Մայր Աթոռի միաբանության անունից Նորին Սրբությունը վշտակցություն է հայտնել հույն ժողովրդին եւ զոհվածների ընտանիքներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցագրի մեջ ի մասնավորի նշված է. «Ձեզ ենք հղում մեր ցավակցությունները եւ աղոթում Ամենակալ Աստծուն, որ Իր լույս օթեւաններում ընդունի զոհերի հոգիները` պարգեւելով սփոփանք եւ մխիթարություն նրանց ընտանիքներին ու հարազատներին:

Թող որ Աստծո օգնությամբ հույն ժողովուրդը կարողանա հաղթահարել այս դժվարությունները եւ ապրի խաղաղ ու ապահով»: