Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն դիտարկվում է որպես երկրի նախագահի պաշտոնի թեկնածու: Այս մասին Վրաստանի հանրային հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին:
«Զուրաբ Աբաշիձե, Սոզար Սուբարի, Սերգեենկո, իմ մասին նույնպես խոսում են, Թեյա Ցուլուկիանի: Մենք ունենք նաեւ այլ արժանավոր թեկնածուներ, որոնք իսկապես կարող են հաղթել առաջին փուլում», — ասել է Իվանիշվիլին, որի հետ հարցազրույցի անոնսը հրապարակվել է «Արդիական թեման Մակա Ցիցցաձեի հետ» թոք-շոուի պաշտոնական էջում:
Վրաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն այս տարվա աշնանը: «Վրացական երազանքը» դեռ չի հայտնել իր թեկնածուի մասին, մինչդեռ ոչ պաշտոնական լուրերում ժամանակ առ ժամանակ նշվում են տարբեր անուններ՝ փախստականների հարցերով նախկին նախարար Սոզար Սուբարի, ԱՆ ղեկավար Դավիթ Սերգեենկո, արդարադատության նախարար Թեյա Ցուլուկանի եւ անգամ Իվանիշվիլի:
Նախագահական ընտրությունների հստակ օրը կհայտարարվի քվեարկությունից 60 օր առաջ:
Ընտրություններում առաջադրվելու մասին արդեն հայտնել են Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն, Վրաստանի լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նատելաշվիլին, «Գիրչի» կուսակցության ղեկավարներից մեկը` Զուրաբ Ջապարիձեն, «Վրացական երթ» շարժման առաջնորդներից մեկը` Սանդրո Բերեգաձեն, 10 կուսակցությունների թեկնածու, Վրաստանի նախկին ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն, ինչպես նաեւ Վրաստանի խորհրդրանի նախկին խոսնակ, «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Դավիթ Բաքրաձեն:











