Մեխիկոյի մի շարք շրջանների փողոցներում վատթարացող վիճակը տեղական ոստիկանությանը ստիպել է արմատական քայլի դիմել եւ հանցավորության դեմ պայքարում ընդգրկել ուղղաթիռներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քաղաքի կառավարությունը հայտնում է, որ երեքշաբթիից գործարկվել է «Կոնդոր» գործողությունը, որի շրջանակում հանրային անվտանգության նախարարության 10 ուղղաթիռ օրական 3 անգամ տարբեր ժամերի կթռչեն մեգապոլիսի առավել վտանգավոր շրջաններով:
Բոլոր մեքենաները հագեցած են հզոր խցիկներով, որոնք գործում են մինչեւ 25 կմ հեռավորությամբ, եւ ջերմացույցներով՝ ընդունակ մարդկանց տարբերակելու նույնիսկ ծառերի հետեւում ու թաքստոցներում:
Մեխիկոյի քաղաքապետ Խոսե Ամիեւա Գալվեսը նշել է, որ նման քանակությամբ ուղղաթիռների կիրառումը հանցագործություններին արագ արձագանքում կապահովի, քանի որ Մեխիկոն հարավից հյուսիս հատելն, օրինակ, ընդամենը 7 րոպե կտեւի:
Վերջին տարիներին Մեքսիկան վերապրում է երկրի տարբեր շրջաններում հանցավորության բռնկում, ինչը մեծապես պայմանավորված է թմրակարտելների գործունեությամբ: Երկրի մայրաքաղաքը բացառություն չէ, որի փողոցներում ավելի հաճախ են բախումներ տեղի ունենում հակամարտող բանդաների եւ ոստիկանների միջեւ, աճում է սովորական քրեական հանցավորությունը (փողոցային կողոպուտները, առեւանգումները, շորթումները):





























