Ադա Լավլեյսի գրած առաջին համակարգչային ալգորիթմի «աներեւակայելի հազվագյուտ» պատճենը աճուրդում վաճառվել է 95 հազար ֆունտ սթերլինգով (124,89 հազար դոլար), հայտնում է Guardian-ը:
Գիրքը մեկնաբանություններ է պարունակում իտալացի մաթեմատիկոս Լուիջի Մենաբրեայի հոդվածի վերաբերյալ, որը նկարագրում է Չարլզ Բեբիջի ստեղծած Վերլուծական մեքենայի աշխատանքի սկզբունքը: Իր դատողությունների մեջ Լավլեյսը նաեւ ալգորիթմ է ներկայացրել, որը թույլ է տալիս մեքենայի օգնությամբ որոշ հաշվարկներ կատարել: Այս կոդն անվանում են նաեւ «առաջին համակարգչային ծրագիր»:
Աճուրդի տան ներկայացուցչի խոսքով՝ վաճառված գիրքը «մինչեւ մեր օրերը թվային հաշվարկումների պատմության, հնարավոր է, ամենակարեւոր հոդվածի առաջին առանձին հրատարակությունն է»: Գրքի օրինակը մակագրել է անձամբ Ադա Լավլեյսը:





























