Վաղը հայոց բանակն այլեւս չի լինելու այնպիսին, ինչպիսին էր երեկ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունում ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառման ժամանակ իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա իր խոսքում, մասնավորապես, նշեց.
«Վաղը հայոց բանակն այլեւս չի լինելու այնպիսին, ինչպիսին էր երեկ, որովհետեւ վաղը հայոց բանակը ձեզնից շատերին՝ լեյտենանտներին, ունենալու է որպես ծառայող սպա, հրամանատար, մինչդեռ երեկ հայոց բանակը չուներ ձեզ որպես այդպիսին, այդ կարգավիճակում: Նաեւ վաղը բարձրաստիճան սպաները նոր նշանակումներ են ստանալու, ավելի բարձր կարգավիճակով, մինչդեռ երեկ իրավիճակը բանակում բոլորովին ուրիշ էր:
Եվ ուրեմն, ուզում եմ, հույս ունեմ, համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, որ իր ներկայությամբ, իր գործունեությամբ, իր նոր կարգավիճակով ինչ որ բան փոխելու է բանակում եւ շատ կարեւոր է, որ ձեզնից յուրաքանչյուրն առաքելության այդ գիտակցությամբ հստակ հասկանա ու գիտակցի, թե ինչն է փոխում բանակում եւ ինչ ուղղությամբ:
Հույս ունեմ եւ հավատում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը նոր նշանակման ծառայության է անցնում այն գիտակցությամբ, որ հայոց բանակի եւ հայրենիքի պաշտպանության ապագան կախված է հենց իրենից, հենց այդ մեկ սպայից, հենց այդ մեկ մարդուց: Ձեզնից յուրաքանչյուրն այո կարող է փոխել շատ բան իր հասանելիության, իր իրավասության սահմաններում եւ ես հույս ունեմ, որ ձեզնից յուրաքանչյուրն իր ծառայության շրջանակում ձգտում է կատարյալ ծառայության եւ հավատում է, որ կարող է ստեղծել կատարյալ ծառայություն ոչ միայն ինքն իր, այլեւ ուրիշների համար»:













