Հայաստանի տարբեր մարզերից 4 դեռահասներ այս ռոբոտի ստեղծման վրա մեկ ամիս աշխատել են: Ոչ մեծ փոշեկուլի չափի ռոբոտը կարող է կատարել մի քանի հիմնական գործառույթ՝ տեղափոխել 3-ական կաթսա եւ դրանք տեղադրել 60 սմ բարձրությամբ հատուկ խոռոչում, մի կետից մյուսը տեղաշարժել արեւային վահանակները եւ գործարկել հողմատուրբինը:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների երեխաների թիմն այս ռոբոտին կներկայացնի First Global միջազգային մրցույթում, որը կանցկացվի օգոստոսի 16-18-ին՝ Մեխիկոյում:

Լրագրողների հետ զրույցում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, այս մրցույթին մասնակցությունը հայկական թիմի համար ոչ միայն այլ երկրների երեխաների հետ փորձի փոխանակման եւ նրանցից ինչ-որ նոր բան սովորելու հնարավորություն է, այլ նաեւ Հայաստանը միջազգային ասպարեզում ներկայացնելու հնարավորություն:

«Մրցույթին կմասնակցեն աշխարհի ավելի քան 150 երկրների թիմեր, ուստի հայկական թիմն ընտրել ենք ամենաուժեղ աշակերտներից: Սակայն մենք նման ուժեղների մի ամբողջ բանակ ունենք,- շեշտեց Կարեն Վարդանյանը: - Ցանկության դեպքում կարող ենք հավաքել եւս 30 լավ թիմ»,-ասաց նա:

«Արմաթ» լաբորատորիաներում սովորում են 10-18 տարեկան երեխաներ, սակայն երբեմն խմբակներ են ընդունում նաեւ ավելի փոքր տարիքի երեխաների, եթե նրանք ռոբոտաշինության հանդեպ հետաքրքրություն եւ տաղանդ ունեն: Նման նախագծերը երկրի համար շատ կարեւոր են, քանի որ երեխաների մեջ սեր են սերմանում ժամանակակից տեխնոլոգիաների եւ ինժեներական գործի նկատմամբ, եւ նրանց աշխատանքի արդյունքն արդեն ակնհայտ է»,- իր հերթին նշեց «Ucom» ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Հայկ Եսայանը. ընկերությունը «Արմաթի» գլխավոր գործընկերներից ու հովանավորներից մեկն է:

«Մենք նման նախագծերին, հատկապես «Արմաթին» մշտապես աջակցել ենք ու կաջակցենք: Այս ուղղությունը մեր երկրի համար շատ կարեւոր ռազմավարական նշանակություն ունի, ուստի մենք մշտապես կաջակցենք ու նման նախագծերը առաջ կմղենք»,-նշեց Հայկ Եսայանը:

Մեկ այլ գործընկեր է Ameriabank-ը, որը նույնպես հաճույքով է աջակցել նախագծին, որը երիտասարդներին նոր գիտելիքներ ստանալու եւ ժամանակակից տեխնոլոգիաների ուսումնասիրումը խորացնելու հնարավորություն է տալիս, իր հերթին ընդգծեց Ameriabank-ի ՏՏ եւ գործընթացների ավտոմատացման բաժնի ղեկավար Շավարշ Ոսկանյանը:

Անցյալ տարի նույնպիսի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի թիմը (ճիշտ է, թիմի երկու անդամ «Արմաթից» էին): Այդ ժամանակ երեխաները մրցույթում 3-րդ տեղը գրավեցին: Ներկայիս թիմը հույս ունի, որ իրենց ռոբոտին ըստ արժանվույն կգնահատեն՝ ի վերջո, նրանք դրա մեջ շատ ուժ են ներդրել:

Երեխաները հաճույքով են պատմում, թե իրենց ռոբոտն ինչպես է կառուցված եւ ինչ կարող է անել, սակայն չեն համաձայնում այն աշխատելիս ցուցադրել. չեն ցանկանում, որ մրցակիցները հանկարծ ժամանակից շուտ իմանան, թե հատկապես ինչպես են իրենց առջեւ դրված խնդիրները լուծել:

«Ռոբոտին ստեղծելիս, որը կարող է կատարել բոլոր երեք գործառույթները, մենք մեծ թվով զանազան տարբերակներ, տարբեր մեխանիզմներ ենք վերափորձարկել՝ մինչ հանգել ենք վերջնական լուծման»,- NEWS.am-ի թղթակցին ասաց ռոբոտը հավաքած տղաներից մեկը՝ 17-ամյա Վահագն Զարգարյանը:

Ռոբոտի «սոֆթը» գրվել է Java լեզվով՝ Google Blocks-ի հնարավորությունների օգտագործմամբ, իր հերթին ասացին 16-ամյա Լիլիթ Խաչիկյանը եւ 17-ամյա Նոնա Թելունցը: Աղջիկները աշխատել են հիմնականում ռոբոտի ծրագրային ապահովման վրա, մինչդեռ տղաները՝ նրա կառուցվածքի:

Չորսն էլ տարբեր մարզերում են բնակվում, եւ որպեսզի հասցնեն ռոբոտը ժամանակին կառուցել, սկայպով են շփվել, քննարկել են իրենց գաղափարները, որից հետո պայմանավորվել են հանդիպել՝ փորձելու այդ նույն գաղափարները մարմնավորել:

Երեխաները ստացած արդյունքից գոհ են, ճիշտ է, մինչեւ մրցույթը դեռ ժամանակ կա, նրանք ծրագրում են ձեռքերը ծալած չնստել. 20 օրում հնարավոր է ռոբոտը բարելավել: