Պաշտոնական աղբյուրներն անտեսել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ մամուլի ասուլիսի ամենանշանակալի պահերից մեկը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հելսինկիում կայացած հանդիպումից հետո, Թրամփը եւ Պուտինը միասին պատասխանել են ամերիկյան եւ ռուսաստանյան լրագրողների հարցերին: Ամենասուր հարցերից մեկը տվել է  Reuters-ի թղթակից Ջեֆ Մեյսոնը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությանը Թրամփի հաղթանակին օգնելու նպատակով:

Ամերիկացի լրագրողը հարցրել է ռուս առաջնորդին. «Նախագահ Պուտին, ցանկանացե՞լ եք արդյոք, որ նախագահ Թրամփը հաղթի եւ ձեր պաշտոնյաներից որեւէ մեկին հանձնարարե՞լ եք օգնել անել այդ»:

Պուտինը նշել է, որ ցանկացել է, քանի որ Թրամփը խոսել է ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման մասին:

Սակայն մամուլի ասուլիսի սղագրությունում, որը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում, այս երկխոսությունն ամբողջությամբ բացակայում է, իսկ Սպիտակ տունը հեռացրել է Մեյսոնի հարցի առաջին առանցքային մասը՝ այն մասին, որ ցանկացել է արդյոք Պուտինը, որ Թրամփը հաղթի իր մրցակցին՝ դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Հիլարի Քլինթոնին: