Հեղափոխությունն ու ամենաթողությունն անհամատեղելի են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ խոսելով ձմերուկի ներկրման օրենսդրական կարգավորումների շուրջ բնակիչների դժգոհությունների մասին։

«Մաքսազերծման հարցը կարգավորվում է օրենքով սահմանված կարգով, որովհետեւ 5 կիլոգրամի սահմանափակում կա ԵՏՄ իրավակարգավորումներով, այլ բան է, որ քաղաքացիների դուրը դա չի գալիս»,–նշեց նա։

Անանյանը հավաստիացրեց՝ աշխատանքը շարունակվելու է օրենքի տառին համապատասխան։ «Եթե ինչ–որ բան այն չէ օրենքում, օրենքը պետք է փոխել, բայց քանի դեռ օրենքը փոխված չէ, մենք պարտավոր ենք գործել օրենքի շրջանակներում»։

ՊԵԿ նախագահը հայտարարեց՝ հեղափոխությունն ու ամենաթողությունը բացարձակապես անհամատեղելի են. «Ժողովրդի մոտ, հնարավոր է, որ կարծիք կա, որ թավշյա հեղափոխությունից հետո մաքսային սահմանը կարող են հատել օրենքի սահմաններից դուրս։ Մենք այդպիսի բան ուղղակի չենք թողելու»։

Նշենք, որ մաքսակետերում արգելվում է անգամ երկու ձմերուկ անցկացնել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 20-ին Բագրատաշենի մաքսակետի մոտ բողոքի ակցիա են իրականացրել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի մի խումբ բնակիչներ՝ մոտ 20 րոպե փակելով մաքսակետի մուտքը:

Նրանց դժգոհությունը կապված է ձմերուկի ներկրման ընթացքում սահմանված համապատասխան օրենսդրական կարգավորումների հետ: Բագրատաշենի բնակիչներից մեկը, նախօրեին՝ հուլիսի 19-ին, փորձել է Վրաստանից ներկրել 2-ից ավելի ձմերուկ, սակայն մաքսակետի աշխատակիցները չեն թույլատրել: