Աշխարհի առաջնություն–2018–ի խորհրդանիշով ֆուտբոլային գնդակը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նվիրել էր Սպիտակ տան տեր Դոնալդ Թրամփին, հավանաբար, հագեցած է հաղորդակցային գործառույթով հատուկ չիպով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի հայտարարությունը։
Հելսինկիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նվիրված գնդակը Վաշինգթոնում ոչ միանշանակ արձագանք է առաջացրել։ Սենատորն իր Twitter–ում հայտարարել է. «Ես կստուգեի այդ գնդակում լսող սարքի առկայությունը եւ երբեք թույլ չէի տա այն Սպիտակ տուն տանել»։
Bloomberg–ի լրագրողները հանգել են այն եզրակացության, որ կոնգրեսականը մասամբ իրավացի է՝ գնդակի մակերեւույթին հատուկ լոգոտիպ են նկատել, որը նախազգուշացնում է, որ այն կապի սարքով է հագեցած։
Adidas ընկերությունն իր պաշտոնական կայքում պարզաբանել է, որ ԱԱ–2018–ի բոլոր գնդակները հագեցած էին NFC (Near Field Communication) տեխնոլոգիայով։ Դրանցում մոնտաժված են մանրաչափ չիպեր, որոնք սմարթֆոնի հատուկ հավելվածի միջոցով թույլ են տալիս հաշվարկել հատուկ գաղտնագիրը։ Որից հետո հավելվածի օգտատերը հասանելիություն է ստանում ֆուտբոլիստների հոլովակներին, երկրպագուների մրցույթներին եւ նման այլ կոնտենտներին։ Չիպն ինքնին պասիվ է, ոչ մի տեղեկություն չի հաղորդում եւ գործողության չափազանց փոքր ճառագայթ ունի՝ ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է գաջեթն ընդհուպ գնդակին մոտեցնել





























