Իմ ուզածն ու ցանկությունը, որ իմ ժողովրդի դեմքին ժպիտ լինի, փայլ լինի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ 

«Բոլորն էլ ցանկանում են կյանքի բարիքներից օգտվել, իրենց ընտանիքը լավ պահել, տատիկը ուզում ա, որ պապիկը իր թոռնիկներին լավ նայի, իրենց հարցերը կարգավորի, իրենց բալիկների, հարսների…Ցանկացած ծնող ուզում ա իրեն զուրկ պահի, բայց իրա բալիկը լավ ապրի, խեղճ չմնա մյուսից, որ դուրս գալուց իրենց դեմքին ժպիտ լինի, ոչ թե մտքերով՝ թե բանկի տոկոսը ոնց փակի, գործի գնա։ Պետք ա բանկի տոկոսներն էլ վերանան, պետք ա ջնջվեն էդ 10, 20, 30  հազարները, որ մարդիկ նորից սկսեն, պետք է հնարավորություն տրվի, ոչ թե մարդկանց խեղճացնեն, քամեն։ Մենք ունենք 650 հազար ընտանիք, բայց 1,5 մլն վարկառու, այսինքն ամեն ընտանիքից 2-3 մարդ վարկի տակ ա, վերցրել են, որ ծայրը ծայրին հասցնեն»։

Ծառուկյանը պնդց՝ ինքը գիտի՝ ինչ է անհրաժեշտ տնտեսության զարգացման համար. «Ես հետեւում եմ, ամեն ինչ գիտեմ՝ ինչ ա անհրաժեշտ տնտեսության զարգացման համար, էսօրվա դրությամբ Ծառուկյանի երաշխավորությամբ են գալիս, ներդրում անում, բայց պետք ա երաշխավորը ոչ թե Ծառուկյանը լինի, այլ պետությունը»։

Նա համոզված է՝ օրենքի առաջ բոլորը հավասար են։ «Մեղավորները պետք ա պատժվեն, քննություն կատարվի, որ ով արել է, էլ մյուս անգամ չանի։ Շատ չեմ ուզում բացվեմ, բայց արդարությունը չի մահանում»։