Tommy Hilfiger ընկերությունը միկրոչիպերով հագուստի շարք է թողարկել, որը թույլ կտա հետեւել հաճախորդի տեղաշարժին եւ նրանց պարգեւատրել ապրանքանիշին հավատարմության համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով BBC-ն:

Tommy Jeans Xplore շարքում ներառված են «խելացի» չիպերով մարզաշապիկներ, սվինշոթեր եւ հուդիներ: Հավելվածի հետ սինքրոնացումից հետո հագուստը կարող է հետեւել մարդու տեղաշարժերին եւ միավորներ տրամադրել ապրանքանիշի ապրանքը հագնելու համար: Դրանք հետագայում հնարավոր է փոխանակել բրենդի արտադրանքով կամ տարբեր համերգների տոմսերով:

2017 թվականին Google-ն արդեն «խելացի» բաճկոնների շարք էր մշակել ամերիկյան Levi’s ապրանքանիշի հետ: Բարձրտեխնոլոգիական հագուստը կարող է միանալ տիրոջ հեռախոսին եւ «կարդալ» տեքստային հաղորդագրությունները, նավիգատորի դեր կատարել, ինչպես նաեւ երաժշտություն միացնել եւ անջատել: Սակայն նման հագուստը կարելի է միայն 10 անգամ լվանալ, իսկ գինը 360 դոլար է: