Smart Systems-ի գրեթե բոլոր կայքերը, որոնք ենթարկվել էին հաքերների հարձակմանը, վերականգնված են եւ ներկայում ընթանում են ստուգման աշխատանքներ։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Smart Systems ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանը։
Նրա խոսքով՝ հաքերները ամբողջ սերվերն են կոտրել, իսկ կայքերի խոցելիության պատճառը դժվար թե բացահայտվի։
«Կասկածում եմ, որ դա կբացահայտվի, քանի որ հաքերները սերվերի վրա են հարձակվել եւ սերվերն են կոտրել, սերվերի վրա ինֆորմացիան ամբողջովին ջնջված է»,- ասաց Ս. Ասլանյանը։
Հիշեցնենք, որ Smart Systems ընկերության սերվերը հունվարի 29-ին կոտրվել էր, որի արդյունքում ընկերության հոսթինգից օգտվող 295 հայկական կայքեր շարքից դուրս էին եկել։ Հարձակումն իրականացրել են ադրբեջանական եւ թուրքական հաքերները։
Հարձակման ենթարկված առավել հայտնի կայքերից են՝ agrobiznes.am, antares.am, aquatek.am, ashtarak-kat.am, beko.am, ev.am, job.am եւ այլն։
Այս հարձակումների վերաբերյալ NEWS.am- Ինովացիայի թղթակիցը որոշ մեկնաբանություններ խնդրեց նաեւ մասնագետից։ Ծրագրավորող Վարդան Գրիգորյանն ասաց, որ հաքերական հարձակումը հնարավոր է երկու տարբերակով։
Նախ՝ DDOS հարձակում, երբ սերվերի վրա մի վայրկյանում ուղարկվում են հարյուրավոր հարցումներ։ Վ. Գրիգորյանը կարծում է, որ առավել հավանական է, որ հենց այդպես էլ արվել է։ Արդյունքում՝ սերվերը չի դիմացել եւ միանգամից հայտնվել է հարձակվողների մոտ:
Երկրորդ տարբերակն այն է, որ կայքերից մեկը թերություն է ունեցել, եւ բոլորը հայտնվել են վտանգի մեջ։ Երկրորդ դեպքում խնդիրը ավելի դժվար է լուծել, քանի որ ավելի շատ ժամանակ է պահանջում։ Սակայն Վ. Գրիգորյանն ասում է, որ դժվար է որոշել, թե որ կայքի միջոցով են մտել սերվեր։





























