Հայաստանի նախագահը եւ վարչապետը, այս երկու բոլորովին տարբեր ջենտլմենները, նրանք երկուսն էլ յուրովի բովանդակալից մարդիկ են: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ասել է ռադիոկայանի գլխավոր խմբագիր, համասեփականատեր եւ հաղորդավար Ալեքսեյ Վենեդիկտովը: Նա վերջին մի քանի օրերին Հայաստանում էր, որտեղ հարցազրույց էր անցկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

 «Ես հնարավորություն ունեցա թեյ խմել Հայաստանի նախագահի հետ: Եվ միգուցե մենք զուր ենք այնտեղ...Մենք հասկանում ենք, որ նոր սահմանադրությամբ այնտեղ խորհրդարանական հանրապետություն է եւ վարչապետն ավելի ուժեղ է, բայց ինձ թվաց, որ նա մեծ փորձով մեծ մարդ է: Ես ուզում էի նաեւ հարցազրույց անցկացնել Սերժ Սարգսյանի, եւ Կաթողիկոսի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց այն օրը երբ ես այնտեղ էի, դատարանում դատախազությունը պահանջեց կալանավորել Քոչարյանին, Սերժ Սարգսյանը չկար, իսկ Կաթողիկոսի հետ հանդիպումը չկայացավ, քանի որ ես ուշ էի դիմել եւ հանդիպումը նույն ժամին էր նշանակվել ինչ եւ նախագահի հետ հանդիպումը: Եվ քանի որ, ես արդեն խոստացել էի նախագահին... ահա այսպիսի պատմություն»,- նշել է նա: