Անկարան չի հրաժարվի իրանական գազի ներկրումից Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու Վաշինթոնի մտադրության պատճառով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես ասել եմ Օբամային, հայտնել եմ նաեւ Թրամփին, որ Թուրքիան կշարունակի Իրանից գազ գնել: Եթե այդ մատակարարումները դադարեցվեն, ապա ո՞վ է «կապույտ վառելիք» մատակարարելու Թուրքիային»,-Էրդողանի խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը։
Էրդողանը նաեւ նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է կորցնել հուսալի դաշնակցի՝ ի դեմս Թուրքիայի:
Ավելի վաղ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից սենատորները նամակներ են ուղարկել Միացյալ Նահանգներում Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատներ՝ նախազգուշացնելով Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու այս երկրների մտադրության հնարավոր հետեւանքների մասին։





























