Կառավարության 2010-ի նոյեմբերի 4-ի որոշմամբ նախատեսվում է կենսաթոշակների վճարման երկու եղանակ` անկանխիկ եւ կանխիկ:

Կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակը նշանակում է, որ կենսաթոշակը վճարվելու է կենսաթոշակառուի բանկային հաշվին փոխանցելու միջոցով: Սա հնարավորություն կտա կենսաթոշակառուին իր բանկային հաշվին փոխանցված կենսաթոշակի գումարը տնօրինել առանց որեւէ ժամկետի սահմանափակման (ներկայումս կենսաթոշակը վճարվում է մինչեւ տվյալ ամսվա 20-ը)` բանկի հետ պայմանավորվելով գումարի կանխիկացման եղանակի (միջոցի) վերաբերյալ:

Ըստ այդմ, կառավարությունն առաջարկում է բանկերին նախարարության հետ կնքել պայմանագիր եւ հնարավորություն ստանալ կենսաթոշակառուներին մատուցել ծառայություններ` կնքված պայմանագրի համաձայն:

Կենսաթոշակառուն պետք է այցելի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկ եւ բացի բանկային հաշիվ:

Բանկային հաշվի բացումը եւ սպասարկումը (այդ թվում` քարտերի թողարկում եւ տրամադրում, բանկային (քարտային) հաշվից միջոցների կանխիկացում տվյալ բանկի սպասարկման կետերում եւ այլն), որպես պետության կողմից երաշխավորված հիմնական ծառայություններ, կենսաթոշակառուին մատուցվելու են անվճար (այդ ծառայությունների համար վճարելու է պետությունը):

Այնուհետեւ, կենսաթոշակառուն պետք է այցելի իր բնակության վայրի կենսաթոշակ նշանակող տարածքային բաժին եւ ներկայացնի համապատասխան դիմում` նշելով բանկի անվանումը եւ իր բանկային հաշվի համարը:

Վերոնշյալ գործընթացի շրջանակներում սահմանվում է կենսաթոշակառուի պարտականությունը` տարեկան մեկ անգամ անձամբ ներկայանալ բանկ կամ բանկին ներկայացնել Հայաստանում գործունեություն իրականացնող նոտարի հաստատած` իր ողջ լինելու մասին փաստաթուղթը:

Կենսաթոշակների վճարման կանխիկ եղանակն ընտրած կենսաթոշակառուի կենսաթոշակը շարունակվելու է վճարվել գործող կարգով` կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի բնակության վայրի հասցեում կամ վճարող կազմակերպության գրասենյակում առձեռն կենսաթոշակառուին տրամադրելու միջոցով:

Ընդ որում, բոլոր այն վճարահաշվարկային կազմակերպությունները, որոնք նախարարության հետ կկնքեն պայմանագիր, կարող են քաղաքացիներին մատուցել կենսաթոշակի վճարման ծառայություններ:

Մի շարք բանկերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների հետ կնքվել են համապատասխան պայմանագրեր, եւ կենսաթոշակառուն, սկսած 2011-ի հունվար ամսից, կարող է դիմել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում` կենսաթոշակ վճարող բանկը (կազմակերպությունը) ընտրելու կամ փոխելու (իր ընտրությամբ` կենսաթոշակը կանխիկ կամ անկանխիկ եղանակով ստանալու) համար:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության հետ կենսաթոշակների վճարման վերաբերյալ պայմանագիր կնքած բանկերն են

1.  «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ
2. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ
3. «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ
4. «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ
5. «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ
6. «Կոնվերս Բանկ» ՓԲԸ
7. «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ
8. «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ
9. «Մելլաթ Բանկ» ՓԲԸ
10. «Յունիբնակ" ՓԲԸ
11. «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ
12. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ կենսաթոշակների վճարման վերաբերյալ պայմանագիր կնքած վճարահաշվարկային կազմակերպությունների ցանկ

1. «Ադալեւ Ռիա» ՍՊԸ
2. «Իդրամ» ՍՊԸ
3. «Կվադրակոմ» ՍՊԸ
4. «Հայփոստ» ՓԲԸ
5. «ՄԵԳԱ ՊԱՆՏԵՐԱ» ՍՊԸ
6. «Իդրամ» ՍՊԸ