Մաքսային բարեփոխումներն անհրաժեշտ են, բայց ոչ կոշտ քաղաքականություն իրականացնելով: Այս մասին այսօր` հունվարի 31-ին կայացած ասուլիսում ասաց Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը` հավելելով, որ սխալ է, երբ ներմուծվող ապրանքների համար մաքսային գինն ավելանում է 4 դոլարով, քանի որ այդ բեռը տեղափոխվելու է բնակչության ուսերին:

«Թուրքիայից այդքան շատ ապրանք ներմուծելու փոխարեն, պետք է զարգացնել տեղական արտադրությունը, հատկապես թեթեւ արդյունաբերությունը, դրա համար պետք է հարկային, մաքսային արտոնություններ տրամադրվեն, ազատ տնտեսական գոտիներ լինեն»,- նշեց Վ.Սաֆարյանը, հավելելով, որ շատ ձեռներեցներ ու գործարարներ սպասում են, որ հարկային արտոնությունների պարագայում զարգացնեն թեթև արդյունաբերությունը:

Նրա կարծիքով,  հնարավոր է , որ այս քայլով կառավարությունը փորձում է տեղական արտադրությունը զարգացնել, բայց մինչ այդ պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի այդ քայլը ըստ էության ճիշտ ընկալվեր:

«Ես կողմ եմ, որ տեղական արտադրությունը զարգանա, այլ ոչ թե դրսից ապրանքեր ներմուծվեն»,- ասաց Վ.Սաֆարյանը` հավելելով, որ 2010թ.-ին արտահանման ծավալները կազմել են 1 մլրդ դոլար, իսկ ներմուծման ծավալները` 3,7 մլրդ դոլար:

ՀՀ Ազգային ժողովի  պատգամավոր ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանի գնահատմամբ, եթե երկիրը ուզում է իր ներքին արտադրողի շահերը պաշտպանել, ապա պետք է արտաքին արտադրողի համար որոշակի դժվարություններ եւ հոգսեր ստեղծի` մաքսային քաղաքականության շնորհիվ: