Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը կարեւորել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության եւ Ճանապարհային ոստիկանության ավտոշուկաների հարակից փողոցների տրանսպորտային միջոցների ծանրաբեռնվածությունը եւ խցանումները վերացնելու ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքը, ինչպես նաեւ բացօթյա անօրինական  առեւտրի կանոնակարգումը: Նա նշել է, որ այդ աշխատաոճը լինելու է խիստ հետեւողական:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել այդ վայրերում սանիտարահիգիենիկ պայմաններին: «Շուկաներում պետք է ապահովվի բոլոր ներքին  պայմաններն ու մաքրությունը»,-ընդգծել է քաղաքապետը:

Բացի այդ, առեւտրականների համար հարմարավետ պայմանների ստեղծման նպատակով պետք է ուսումնասիրել նոր մինիշուկաների կազմակերպման պահանջարկի անհրաժեշտությունը:

Խիստ եւ հետեւողական է լինելու նաեւ ապօրինի  շինությունների եւ հողազավթումների  կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքը:

Հասարակական տրանսպորտի աշխատանքի արդյունավետության եւ ուղեւորահոսքը կառավարելի դարձնելու նպատակով  զեկուցվել է,  որ քաղաքապետի հանձնարարականի համաձայն արդեն մշակվել է տրանսպորտի կառավարման նոր հայեցակարգի նախագիծը: Մայրաքաղաքում տրանսպորտի աշխատանքների կանոնակարգման շրջանակում մեկ անգամ եւս ուշադրություն է հրավիրվել ավտոկայանատեղերի գույքագրման, երթեւեկության նոր ժամային գրաֆիկների մշակման, ինչպես նաեւ հասարակական տրանսպորտի կանգառների աշխատանքը կանոնակարգելու  հարցերին:

Կարեն Կարապետյանը  շեշտադրել է  բյուջետային ապառքների, ինչպես նաեւ գույքահարկի ու հողի հարկի հավաքագրումն ավելի արդյունավետ կազմակերպելու հարցը` առաջարկելով ճշտել եւ գնահատական տալ գույքային հարկերի բազային տվյալների մասով: