Մայրաքաղաքում կանաչապատման մշակույթը պետք է սկզբունքորեն փոխվի: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ ներկայացվել է, որ ներկայում մշակվում է ֆունկցիոնալ կանչապատման համար նախատեսված ծրագիր, որը քննարկվել է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, համաձայն որի, Երեւանի այգիներն ու պուրակները պետք է համալրվեն տեղի բնակլիմայական պայմաններին համապատասխանող ծառատեսակներով ու բուսատեսակներով: Դրա արդյունքում ակնկալվում է նվազեցնել փոշու եւ տրանսպորտային արտանետումների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
Անդրադառնալով կրթության ոլորտին նշվել է, որ հանրակրթական դպրոցներում անհրաժեշտ է հրատապ լուծում տալ մի շարք խնդիրների։ Ի մասնավորի կարեւորվեց հոգաբարձուների խորհրդի ձեւավորումը` առանձնակի կարեւորելով բարերարների կողմից կատարված հանգանակությունների եւ իրականացված ծախսերի թափանցիկության ապահովումը, նույն սկզբունքը ապահովելով նաեւ կրթական գործընթացում հավաստագրերի ստացման եւ տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթներում:
Կարեն կարապետյանը հատուկ ուշադրություն է հրավիրել մայրաքաղաքի մանկապարտեզներում վարձավճարների գանձման մասով առկա տարբերակված մոտեցումներին: «Մենք ունենք տարբեր վարչական շրջաններում տարբեր մոտեցում` մի երեխայի համար 0-ից մինչեւ 8000 դրամ գումարի գանձում: Ավանում զրո է: Ավանի օրինակը պետք է ուսումնասիրենք»,-նշել է նա:
Աշակերտ-մշակութային օջախներ կապն ամրապնդելու նպատակով մայրաքաղաքի դպրոցներում այսուհետ կներդրվի աբոնեմենտային համակարգ: «Կանազ» կինոթատրոնը կարող է դառնալ սոցիալական կինոթատրոն, որտեղ տոմս չի վաճառվելու, եւ որտեղ երեխաների համար կցուցադրվեն միայն հայրենասիրական, ճանաչողական ֆիլմեր»,- առաջարկել է քաղաքապետը:




























