«Նա/Նե 2010» մրցանակաբաշխությանն այս տարի ներկայացվել է ավելի քան 100 լրագրողական աշխատանք` 7 անվանակարգում: Մրցույթի աջակիցներն են Երեւանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Նա/Նե ամենամյա լրագրողական երրորդ մրցույթի ամեն տարի ավանդաբար հայտարարվող 6 անվանակարգերն են՝ հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, ռադիոնյութ, առցանց եւ բլոգում տեղադրված հոդված, լուսանկարչական աշխատանք, սոցիալական եւ առեւտրային գովազդ: Հիմա դրանց ավելացել է «Ուսանողական աշխատանք» անվանակարգը:
«Նա/Նե» լրագրողական մրցույթին իրենց նյութերը ներկայացրել են հայաստանյան տպագիր, ինտերնետ եւ հեռարձակվող լրատվամիջոցների աշխատակիցները եւ անկախ լրագրողները:
Բոլոր անվանակարգերի համար սահմանվել է երեք մրցանակ: Առաջին մրցանակին արժանացողը կստանա Նա/Նե արծաթյա արձանիկ եւ 300.000 դրամ պարգեւ, երկրորդ մրցանակի համար սահմանված է հավաստագիր եւ 150.000 դրամ պարգեւ եւ երրորդ մրցանակի համար` հավաստագիր ու 75.000 դրամ պարգեւ: «Ուսանողական աշխատանք» անվանակարգի առաջին մրցանակակիրը կարժանանա ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից սահմանված HTC բջջային հեռախոսին եւ Նա/Նե արձանիկին, երկրորդ եւ երրորդ մրցանակակիրները կստանան հավաստագիր եւ դրամական պարգեւ:
«Նա/Նե» արձանիկը պատրաստված է արծաթից եւ խորհրդանշում է Նա-ին եւ Նե-ին՝ կնոջն ու տղամարդուն եւ կենաց ծառը, որը ձուլված է խոսափողի տեսքով։




























