Հայաստանում 2010 թ. 2,4 տոկոսով նվազել է կաթի արտադրությունը՝ կազմելով մոտ 600 հազ. տոննա։ Այդ մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ։
Կաթի արտադրության նվազման հիմնական պատճառներից մեկը օգոստոս-սեպտեմբերին գրանցված չոր, երաշտային եղանակն էր։
Կաթնամթերքի որոշ տեսակների արտադրությունը աճել է՝ հավանաբար ներմուծվող կաթի փոշու հաշվին։ Այսպես՝ արտադրվել է 3,1 հազ. տոննա թթվասեր, 3,2 տոկոսով ավելի՝ քան 2009 թ.: Իսկ մածունի արտադրությունը աճել է նույնիսկ 8,1 տոկոսով՝ կազմելով 3 հազ. տոննա։
Կաթնամթերքի մյուս տեսակների արտադրությունը հիմնականում նվազել է։ Այսպես՝ արտադրվել է 17 հազ. տոննա պանիր, նախորդ տարվա 17,5 հազ. տոննայի համեմատ։





























