Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել եվրոպական երկրներին գործնական միջոցներ ձեռք առնել Իրանի միջուկային համաձայնագիրը պաշտպանելու համար՝ ընդգծելով ամերիկյան պատժամիջոցների սահմանումից հետո իրանական նավթի արտահանման համար հող նախապատրաստելու անհրաժեշտությունը, հայտնում է Fars–ը։

«Այսօր մենք շատ կարեւոր պատական փուլում ենք Իրանի համաձայնագրի համատեքստում եւ Եվրոպայի հստակ դիրքորոշումը այն միջոցների առումով, որոնք պետք է ձեռք առնվեն, միջուկային համաձայնագրից ԱՄՆ անօրինական ելքը կոմպենսացնելու համար, շատ կարեւոր է իրանցի ժողովրդի համար»,–հայտարարել է Իրանի նախագահը Թեհրանում Բրիտանիայի նոր դեսպան Ռոբերտ Մակարի հետ հանդիպման ժամանակ։

Նա շեշտել է Եվրոպայի հետ կապերը զարգացնելու Իրանի պատրաստակամությունը, ապա հավելել, որ «միջուկային համաձայնագրից ԱՄՆ անօրինական ելքից հետո գնդակը Եվրոպայի կողմում է, սակայն ժամանակը սահմանափակ» է։

Ռոհանիի խոսքով՝ Իրանը երբեք լարվածություն չի հրահրել տարածաշրջանում, սակայն երբեք չի հրաժարվի նավթը արտահանելու իր իրավունքից։