Եզակի առաջարկ ավտոսիրողների համար. Sevan Startup Summit 2018-ի ժամանակ Car2 սթարթափը ներկայացրած երիտասարդների խումբը միասնական պորտալ է ստեղծել՝ Հայաստանում լավագույն ավտոսերվիսի ընտրության համար: Car2 բջջային հավելվածը նախատեսված է ավտոսիրողների համար, որոնք այստեղ կարող են ավտոսերվիսի ծառայություններ գտնել Հայաստանի ամբողջ տարածքում: Հավելվածի օգնությամբ կարելի է գտնել ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման ու վերանորոգման մոտակա կամ ամենաորակյալ կետը եւ պահեստամասերի խանութները:

Car2 բջջային հավելվածը մշակողներից մեկը՝ վեբ-դիզայներ Վահագն Եգանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ պորտալը քաղաքակիրթ պայմաններ է ստեղծում ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման կետերի որոնման համար:

«Հավելվածում կարելի է մասնագետների մասին (որոնց ծառայություններից օգտվել եք) արձագանքներ թողնել: Մյուսները կարող են այդ  արձագանքների հիման վրա 5, 3 աստղերով կամ այլ մասնագետների ընտրել: Դրա շնրհիվ վարորդը նախապես իմանում է, որ մասնագետին դիմի: Այսինքն մասնագետների քաղաքակիրթ ընտրության հնարավորություն է ստեղծվում. հարկ չի լինում խորհրդի համար դիմել ընկերոջդ»,- նշեց նա:

Վահագն Եգանյանը նաեւ նշեց, որ Car2 հավելվածը շատ օգտակար է հատկապես արտասահմանցիների համար, որոնք ծանոթ չեն այստեղի մասնագետների հետ եւ հավելվածի միջոցով կարող են օգտվել մեքենայում գազի բալոնի սարքավորման  տեղադրման, մեքենայի լվացման եւ այլ ծառայություններից:

 «Կան շատ հայտնի տեղեր (ավտոտեխսպասարկման) եւ մասնագետներ, որոնք գործի ժամանակ անկարող են պարզ խնդիրներ լուծել, օրինակ մեքենայի էլեկտրիկայի հարցերով: Ավելի քիչ հայտնի մասնագետները ավելի ճիշտ լուծումներ են գտնում: Մեր շուկայում նման խնդիր կա եւ հավելվածը կոչված է այն լուծել»,- նկատեց վեբ դիզայները:

Հավելվածում բենզալցակայանների եւ գազալցակայանների քարտեզ կա, GPS նավիգացիայի ծառայություն, ԱՊՊԱ-ի, ունեցվածքի հարկի, տուգանքների հաշվիչ: Բացի այդ հավելվածում կարելի է օրինակ «կարմիր գծերի», ռադարների տեղադրման եւ ճանապարհների տեսախցիկների, մեքենաների վարձակալության եւ վարորդների համար օգտակար այլ տեղեկություններ գտնել:

Ծրագիրը աշխատում է նաեւ օֆլայն, հասանելի է Google Play- ում եւ App Store-ում: Սթարթափի կարգախոսն է `«Քո ընկերը ճանապարհին»:

«Մենք ընկերների հետ համատեղ մշակել ենք  այս հավելվածը, քանի որ բոլորս ունենք մեքենաներ եւ շատ ենք սիրում դրանք», - ասաց Վահագն Եգանյանը: