ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն աջակցում է Իրանի ղեկավարության հետ բանակցային սեղանի շուրջ նստելու պատրաստակամության մասին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը:

Նրա խոսքով, Պոմպեոն ավելի վաղ ասել էր, որ Թրամփը ցանկանում է հանդիպել միջազգային առաջնորդների հետ խնդիրները լուծելու համար, այդ թվում Իրանի պաշտոնյաների հետ:

Հարցին, արդյոք Պոմպեոն աջակցում է առանց նախապայմանների իրանցիների հետ հանդիպմանը, Նաուերթը չի օգտագործել այս արտահայտությունը, նշելով, որ Վաշինգթոնը կցանկանար փոփոխություններ մտցնել Իրանի վարքագծում, սակայն «կարեւորը այն է, որ մենք պատրաստ լինենք նստել եւ երկխոսությունը սկսել»:

Նախօրեին Թրամփը հայտարարել էր առանց նախապայմանների Իրանի ղեկավարության հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին: Սակայն հետագայում Պոմպեոն հայտարարեց, որ Թրամփը «պատրաստ է նստել եւ երկխոսել նրանց հետ» այն դեպքում, եթե իրանական իշխանությունները ապացուցեն, որ պատրաստ են արմատապես փոխել  «իրենց ժողովրդի հանդեպ վերաբերմունքը», կվերացնեն «վնասակար վարքը» եւ «կկարողանան համաձայնվել», որ արժե միանալ միջուկային համաձայնագրին»: