Instagram եւ Facebook սոցցանցերը հաղորդել են, որ առաջիկայում նոր գործառույթ են ներդնելու, որն օգտատերերին թույլ կտա վերահսկել սոցիալական ցանցերում անցկացրած ժամանակը: Ընկերությունների ներկայացուցիչներ Ամիտ Ռանադիվի եւ Դեւիդ Գինզբերգի համատեղ հայտարարությունում նշվում է, որ նոր հնարավորությունը ակտիվության կառավարման ցուցանակ է, որն ամենօրյա ռեժիմով հիշեցնում է ժամանակային սահմանափակման գերազանցման մասին, հաղորդում է «Կոմերսանտը»:

Նոր գործառույթից օգտվելու համար հարկավոր է բացել կարգավորումների բաժին ու ընտրել հատուկ հատվածը. Instagram-ում՝ «Ձեր ակտիվությունը», Facebook՝ «Ձեր ժամանակը Facebook-ում»:

Այդ բաժնում կարտացոլվի օրվա ընթացքում սոցցանցում օգտատիրոջ անցկացրած ժամանակը: Հնարավոր կլինի օգտվել նաեւ push-հիշեցման գործառույթից՝ 15 րոպեից մինչեւ 8 ժամ ժամանակով:

Ընկերություններում նշել են, որ նոր գործառույթի մշակման ժամանակ խորհրդակցել են գիտնականների, փորձագետների եւ հոգեկան առողջության ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ օգտագործել են սեփական հետազոտություններն ու օգտատերերի շրջանում անցկացված հարցման արդյունքները: