Քրեական դատավարությունը դինամիկ պրոցես է. այսինքն ապացույցների ձեռքբերումը տեղի է ունենում անընդհատ, ամեն ժամ, ամեն վայրկյան, իսկ անձի կարգավիճակը գնահատվում է այդ ապացույցների համակցության հիման վրա: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն անդրադառնալով հարցին, թե ինչու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է որպես վկա, սակայն անմիջապես նրան մեղադրանք է առաջադրվել:

Սասուն Խաչատրյանի խոսքով, ենթադրենք անձին այսօր մեղադրանք առաջադրելու համար չկա ապացույցների այդ համակցությունը, մեկ ժամ հետո վարույթ իրականացնող մարմինը կարող է նոր ապացույցները այլ ապացույցների հետ համադրվելով գա եզրակացության, որ այդ համակցությունը, որը բավարար է անձին մեղադրանք առաջադրելու համար, առկա լինի. «Տվյալ դեպքում, եթե անձը նման ապացույցների առկայության դեպքում հարցաքննվի որպես վկա, մենք խախտած կլինենք անձի իրավունքները»,-ասաց նա՝ հավելելով, որ անմիջապես, երբ պետք է քննչական գործողություն կատարվեր, նրան ծանուցվել է, որ  ինքն ունի արդեն մեղադրյալի կարգավիճակ:

Ինչ վերաբերում է Փաստահավաք խմբի տեղեկություններին, Սասուն Խաչատրյանն ասաց, որ դրանք ստուգվում են. «Դրանց հիման վրա ձեռք են բերվում արդեն դատավարական ընթացակարգերով ապացույցներ, հարցաքննվում են վկաներ, կատարվում են փաստաթղթերի առգրավումներ, զննություններ: Այն տվյալները, որ կան Փաստահավաք խմբի զեկույցներում, դրանց տրվում է դատավարական պատշաճ կարգավիճակ»,-ընդգծեց ՀՔԾ պետը: