Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչները աշխատում են որքան հնարավոր է՝ քիչ մնալ փողոցում, շուտ տուն գնալ ու ինչքան հնարավոր է՝ ուժեղ ու ապահով կողպել տան դռներն ու լուսամուտները։ Բանն այն է, որ մարտունեցիները մտահոգվելու լուրջ խնդիր ունեն։ Նրանց խոսքով, քաղաքում հանցավոր խումբ է հայտնվել, որը որսի է դուրս գալիս քաղաքում տարադրամի փոխանակմամբ զբաղվող անձանց վրա։ Նրանցից մեկն էլ 48-ամյա Նվեր Զաքարյանն էր, ով 2010 թվականի դեկտեմբրի 28-ին դուրս է եկել տնից եւ չի վերադարձել։
Զաքարյանի ընկերները համոզված են, որ նրա անհետացումը կապված է նրա գործունեության հետ։ Երեկվա դրությամբ անհետ կորած մարդու վերաբերյալ որեւէ տեղեկություն չի եղել, ոստիկանության փոխանցմամբ, որոնողական աշխատանքները շարունակվում են, դեռեւս հայտնի չէ, թե որն է եղել նրա անհետացման պատճառը։
Երեկ երեկոյան թերթին հայտնի է դարձել հարձակման նոր դեպքի մասին։ Մարտունիի մերձակա գյուղերից մեկի՝ Ձորագյուղի բնակիչների փոխանցմամբ, նախօրեին ուշ գիշերը հարձակում է տեղի ունեցել իրենց գյուղի վրա։ Երեք հոգի մտել են գյուղացիներից մեկի տուն, տակնուվրա արել ամեն ինչ, գտել պահված ոսկեղենն ու գումարները, վերցրել դրանք ու հեռացել։ Թե կոնկրետ ում տուն են մտել, ձորագյուղցիները թերթին չեն հայտնել, սակայն ասել են, որ նա տարադրամի փոխանակման հետ ոչ մի կապ չունի, սակայն լուրջ կասկածներ կան, որ այս դեպքում էլ գործել են նույն հանցագործները:





























