Մայրաքաղաքում տեղացող ձյան հետեւանքով երթեւեկության եւ հետիոտնի համար հնարավոր անհարմարությունները վերացնելու նպատակով վաղ առավոտից մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթանում են փողոցների եւ մայթերի մաքրման աշխատանքներ:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ աշխատանքներում ներկայում ներգրավված են ձյան մաքրման համար նախատեսված 270 միավոր  հատուկ տեխնիկայից 35-ը` այդ թվում ինչպես ձյուն մաքրող, այնպես էլ աղ եւ ավազ ցանող մեքենաներ: Անհրաժեշտության դեպքում կավելացվի հատուկ տեխնիկայի քանակը:

Նշենք, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում պահեստավորված է անհրաժեշտ քանակության աղ եւ ավազ (1300 տոննա աղ, 2200 խմ ավազ): Նշված քանակությունն անընդհատ լրացվում է:

Այս պահի դրությամբ փողոցների եւ մայթերի մաքրման համար օգտագործվել է շուրջ 70 տոննա աղ եւ մոտ 160 խմ ավազ:

 Բոլոր վարչական շրջաններում, հատկապես մայրաքաղաքի բարձրադիր հատվածներում, ներկա պահին ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են:

Նշենք, որ Երեւանի որոշ փողոցներում ավազ էին շաղ տալիս միայն առավոտյան ժամը 9-ից, այնինչ ձյունն սկսել է տեղալ երեկ կեսգիշերից: Ներկայումս Նոր Նորքի զանգվածներում փողոցներն անանցանելի են: Մարդիկ մի քանի ժամ են ծախսում, որպեսզի մի կերպ հասնեն քաղաքի կենտրոն: Մեր թղթակիցներից մի քանիսն այս պահին էլ խցանումների մեջ են, քանի որ փողոցները սառած են ու ձյան տակ: