Թուրքիան դեմ է արտահայտվել ԱՄՆ-ին եւ խոստացել է անհապաղ հակահարված տալ Թուրքիայի արդարադատության եւ ներքին գործերի նախարարների դեմ կիրառված սանկցիաներին: Այս մասին նշված է թուրքական hurriyetdailynews.com կայքում:
«Մենք խստիվ դեմ ենք ԱՄՆ պետական գանձարանի բաժնի հայտարարած սանկցիաներին», - գրված է Օգոստոսի 1-ին Թուրքիայի արտգործնախարարության հրապարակած հայտարարության մեջ:
Չնայած հայտարարության մեջ չի կոնկրետացվում, սակայն ենթադրվում է, որ նույնատիպ պատասխան սանկցիաներ կկիրառվեն ԱՄՆ վարչակազմի գլխավոր դատախազի եւ ներքին գործերի նախարարի դեմ:
Հայտարարությունում ասվում է, որ թուրք պաշտոնյաների դեմ կիրառվող պատժամիջոցները չեն կարող իրավական հիմք ունենալ, եւ որ այս որոշումը մեծ վնաս կհասցնի երկկողմ խնդիրների կառուցողական կարգավորման գործընթացին:
«Կոչ ենք անում ԱՄՆ-ին փոխել այս սխալ որոշումը», - գրված է հայտարարությունում:
Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն թվիթերյան իր էջում նշել է, որ ԱՄՆ պատժամիջոցներն անպատասխան չեն մնա: «Մենք չենք կարող լուծել մեր խնդիրները, քանի դեռ ԱՄՆ վարչակազմը չի գիտակցել, որ այս մեթոդով իր անօրինական պահանջները չեն բավարարվելու», - ասել է նա:



























