Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Սինգապուրում ASEAN գագաթաժողովի շրջանակներում չի նախատեսում հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Լրագրողների հետ զրույցում նա բացառել է նման հանդիպման հնարավորությունը, հայտնում է Tasnim-ը:
Հերքելով Պոմպեոյի հետ հանդիպման մասին լուրերը՝ Զարիֆը նշել է, որ իրանցի եւ ամերիկացի պաշտոնական անձինք մոտ երկու տարի միջուկային բանակցությունների ընթացքում բազմաթիվ հանդիպումներ են անցկացրել, ինչը հանգեցրել է իրանական միջուկային համաձայնագրին` նշելով, որ ներկայիս ԱՄՆ վարչակազմը չի կատարում իր պարտականությունները:
«Հանդիպումը հանդիպման համար իմաստ չունի, ամերիկացիները պետք է ապացուցեն, որ հանդիպումները կհանգեցնեն համաձայնության, եւ որ այդ համաձայնագրերը կկատարվեն», - ավելացրել է նա:
Զարիֆը նշել է, որ ASEAN գագաթաժողովի շրջանակում օտարերկրյա գործընկերների հետ հանդիպումների ժամանակ նրանք ընդգծել են Իրանի միջուկային համաձայնագրի աջակցման եւ Իրանի հետ կապերի ընդլայնման անհրաժեշտությունը:





























