ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը վերջերս հայտարարեց մեկանգամյա օգտագործման պլաստիկից հրաժարվելու  ծրագրի մեկնարկի մասին: «Գործընթացը սկսվում է մեկ համայնքում, որից հետո կտարածվի տարածաշրջանում եւ կարծում եմ,  ժամանակի ընթացքում Հայաստանը կմիանա այն երկրների թվին, որտեղ մեկանգամյա պլաստիկի օգտագործումն արգելված է», - ասաց Գրիգորյանը:

Ես շատ երկար եմ սպասել այս օրվան եւ վերջապես այդ օրը եկավ: Հայտնի է, որ պլաստիկի քայքայման ժամկետը ավելի քան 100 տարի է:  Հաշվի առնելով պլաստիկի մեծ քանակությունը, մենք չենք կարող նստել եւ 100 տարի սպասել եւ դրա հետ մեկտեղ ավելի շատ պլաստիկ արտադրել: Մեկանգամյա պլաստիկի արգելումը լավ սկիզբ է, բայց պետք է հասկանալ ինչ անել արդեն օգտագործված նյութի հետ: Ինչպե՞ս դրանից ազատվել:

Կան պլաստիկի վերամշակման բազմաթիվ եղանակներ, օրինակ  թափոնների  վերամշակումը պոլիմերային հումքի կամ դրա կրկնակի օգտագործումը իրերի ստացման համար կամ կենցաղային թափոնների հետ դրանք այրելը, որպես տարբերակ կարող է լինել նաեւ պիրոլիզը եւ հեղուկ եւ գազային վառելիքի արտադրությունը: Բայց ընդհանուր առմամբ խոսքն այդ մասին չէ:

Ես այլ հարց ունեմ: Ի՞նչ այլընտրանք կա մեկանգամյա պլաստիկին կամ պարզ ասած մեկանգամյա տոպրակներին: Մենք այդ տոպրակներով աղբ ենք նետում: Իսկ որոշ անտեղյակ մարդիկ այդ տոպրակներով սառնարաններում սնունդ են պահում, ինչը կտրականապես անել չի կարելի: Եվ այսպես, մեկանգամյա տոպրակները չկան, ի՞նչ է լինելու հետո: Ոչինչ: Նորից դրանք օգտագործեք: Օգտագործեք, մինչեւ չմաշվեն: Ահա եւ վերջ:

Որպես այլընտրանք պլաստիկ տոպրակներին առաջարկվում են թղթից կամ կտորից տոպրակները: Թղթե տոպրակների օգտին բերում են այն փաստարկը, որ թղթի քայքայումը 2 տարի է տեւում եւ այն հողին վնաս չի պատճառում: Լավ, իսկ որեւէ մեկը հաշվել է որքան ծառ է հատվել այդ թղթի ստացման համար:

100 կգ ծառից ստացվում է 25-35 կգ թուղթ եւ պետք է նաեւ հաշվի առնել, որ այդ թղթի ստացման համար օգտագործվում է միայն ծառի բունը, մնացած ամեն ինչը մաքրվում եւ դեն է նետվում: Այսպես ասած, թափոնները: Եվ ես դեռ չեմ նշել օգտագործված ջրի մասին: Այսպես՝ 25-35 կգ թղթի համար 37500-52500 լիտր ջուր:

 Կամ, օրինակ բամբակը, այն շատ արագ է քայքայվում, մոտ 6 ամիս եւ նույնպես հողը չի վնասում: Բայց, բամբակենին շատ ագահ բույս է, դրա համար ահռելի քանակությմաբ ջուր  է օգտագործվում: Ջուր, որի կարիքն ունի մեր մոլորակի 2 մլրդ բնակչությունը:

Կախված հողի տեսակից եւ ստորերկրյա ջրերի խորությունից, բամբակը 2-12 անգամ ջրում են: Ջրելու նորմը տատանվում է 600-1000 մ3/հա, իսկ ոռոգման նորմը` 3000-8000 մ3/հա: Եթե ձեզ այս թվերը չտպավորվեցին, ապա նայեք աշխարհի քարտեզին: Գտնեք հին խորհրդային քարտեզ: Գտնեք այնտեղ Ղազախստանը: Տեսնու՞մ եք Արալի ծովը: Այն այլեւս չկա: Դե, այն կարծես թե կա, բայց 20-րդ դարի 50-ականներից հետո դրա 12 տոկոսն է մնացել:

Պետք է լրջորեն մտածել ինչ օգտագործել: Միանշանակ պատասխան չկա, թե ինչ նյութ օգտագործել: Մենք չունենք Արալի ծով, որը կարողանայինք զոհաբերել: Մենք ունենք Սեւան, որն արդեն ողբալի վիճակում է եւ որը բառացիորեն պետք է փրկել: Մենք իրավունք չունենք նաեւ մեր անտառները օգտագործել, որոնց ամեն տարի սարսափելի չափերի վնասներ են հասցվում: Մենք պետք է տնկենք ծառեր, այլ ոչ թե թղթի համար դրանք կտրենք:

Կա պլաստիկը կրկնակի օգտագործելու տարբերակ: Առանց անհրաժեշտության չգնել նորերը եւ հրաժարվել խանութներում անվճար առաջարկվողներից: Վերցրեք ձեր ճմրթված տոպրակը եւ առաջ: Իսկ երբ հնի հետ հրաժեշտ տալու ժամանակը գա, այդ տոպրակները կարելի է վերամշակել եւ նոր տոպրակներ ստանալ: Բարեբախտաբար Սյունիքում արդեն կա պլաստիկի վերամշակման գործարան, իսկ ժամանակի ընթացքում նորերը կհայտնվեն մյուս մարզերում:

Միթե սա չէ օպտիմալ որոշու՞մը:

Հրայր Դալլաքյան