Կյանքի 91-րդ տարում մահացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանը: Նա մեկ տարուց ի վեր անկողնային վիճակում էր բժիշկների հսկողության եւ Ս. Գայանե վանքի միանձնուհիների խնամքի ներքո:

Տ. Հուսիկ արք. Սանթուրյանը (ավազանի անունով` Ազատ) ծնվել է 1920թ. Սեբաստիա քաղաքում (Թուրքիա):

5 տարեկանից որբացել է եւ մինչեւ պատանեկության տարիները ապրել ու կրթվել է դանիուհի Մերի Յակոբսոնի «Թռչնոց բույն» որբանոցում (Ջիբեյլ, Լիբանան):

1935թ. ավարտել է Ջիբեյլի դանիական որբանոցի ուսումնական շրջանը եւ նույն թվականին տեղափոխվել Երուսաղեմի գերմանական որբանոցի արհեստա-ուսումնական կուրսը` ավարտելով այն 1938թ.:

Իր բազմամյա ծառայության համար Գարեգին Բ-ի կողմից արժանացել է Հայ Եկեղեցու «Ս. Ներսես Շնորհալի» պատվո շքանշանի:

Փետրվարի 2-ին, ժ. 18:00-ին, Սբ. Գայանե վանքում կկատարվի եկեղեցու կարգ: Փետրվարի 3-ին, տեղի կունենա հուղարկավորությունը: Հուսիկ Սրբազանի մարմինը կամփոփվի միաբանական գերեզմանատանը: