Սուխումիում հերքել են տեղեկությունը, ըստ որի «Դեդ Հասանը» գտնվում է իրենց տարածքում: Աբխազիայի ՆԳ փոխնախարար Ռամին Գաբլայան «Ապսնըպրեսին» հայտնել է, որ իրենց բոլոր օպերատիվ ստորաբաժանումները մշակել են ռուսական լրատվամիջոցների տեղեկությունը, թե հայտնի «օրենքով գող» Ասլան Ուսոյանը («Դեդ Հասան») առողջանում է Աբխազիայում, սակայն դա չի հաստատվել:
Նմանատիպ հայտարարություններ արել են նաեւ Աբխազիայի քրեական հետախուզության պետ Ռուսլան Աժիբան եւ Պետական անվտանգության ծառայության պետի առաջին տեղակալ Նուգզար Սամսոնիան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Նովայա գազետան»՝ վկայակոչելով ՌԴ հետաքննչական կոմիտեի իր աղբյուրին, հայտնել է, որ հայտնի «օրենքով գող» Ասլան Ուսոյանը կազդուրվում է արեւոտ Աբխազիայում:
Լրագրողները նոր մանրամասներ են պարզում ոստիկանության գեներալ Ալեքսանդր Բոկովի դեմ աղմկոտ քրեական գործի հետ կապված, ով մեղադրվում է 46 մլն դոլար շորթելու մեջ:
ՌԴ հետաքննչական կոմիտեի աղբյուրը թերթին հայտնել է, որայդ գործում կան եւս մի քանի պաշտոնյաներ եւ սպասվում են նոր ձերբակալություններ: Հավանական է, որ կլինեն բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ «Դեդ Հասանի» շրջապատի մարդկանց նոր ձերբակալություններ:





























