Հայաստանը պետք է ձեռնարկի բոլոր քայլերը, որպեսզի Արցախը դառնա բանակցային կողմ, քանի որ ոչ ոք իրավասու չէ ներկայանալ նրա անունից։ Փետրվարի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
«Լեռնային Ղարաբաղն առանձին, անկախ հանրապետություն է, որը ձեւավորվել է նույն ժամանակաշրջանում, ինչ որ Հայաստանի Հանրապետությունը։ Արցախն օրինական հանրապետություն է, եւ եթե որեւէ մեկը հանդես է գալիս նրա անունից, նշանակում է, որ յուրացնում է վերջինիս իրավունքները»,- համոզմունք հայտնեց պատգամավորը։
Անդրադառնալով հակամարտության կարգավորման շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից իրականացվող աշխատանքներին՝ Փոստանջյանը նկատեց, որ պետք է կենտրոնանալ ոչ թ այն մտքի վրա, սպառե՞լ է իրեն այդ կառույցը, թե՝ ոչ, այլ այն գաղափարի, թե սպառվե՞լ է արդյոք հայկական կողմի դիվանագիտությունը։ «Եթե Արցախը դուրս է մղվել բանակցային գործընթացից, ապա այո, Մինսկի խումբն արդյունավետ չի աշխատում»,- նկատեց պատգամավորը։
Նրա խոսքով, «Ժառանգությունն» այսօր էլ պնդում է, որ ԼՂՀ-ն ճանաչելու համար ուշ չէ, ավելին, դա պետք է անել օր առաջ։ «Մենք չպետք է վախենանք մի քանի հայկական պետություն ունենալու մտքից»,- եզրափակեց Փոստանջյանը։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության կողմից Ազգային ժողով ներկայացված նախագծի մասով 2010 թվականի դեկտեմբերի 9-ին քվորում չէր ապահովվել եւ որոշում չէր ընդունվել։





























